«Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիրի տարածք է մխրճվել Ford Mustang մակնիշի մեքենան. (Լուսանկարներ)

Ապրիլի 25-ին, Երևանում կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:20-ի սահմաններում, Ford Mustang մակնիշի 36 TC 158 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Բագրևանդ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Ռոյալ Արմենիա» հյուրանոցային համալիրի տարածք՝ կոտրելով դուռն ու ապակիները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Սակայն ռեստորանային համալիրին պատճառվել է նյութական վնաս:

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վահան Ենոքյանի անվամբ: