Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարության մասին

Այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցի փոփոխությանը՝ պատասխանելով News.am-ի հարցմանը:

Նա մասնասնավորապես նշել էր. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Այս հայտարարությունն անմիջապես մեծ արձագանք գտավ համացանցում, քննարկումների տեղիք տվեց:

ArmDaily.am-ը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց արդյոք տեղյակ էին կաթողիկոսի դիրքորոշմանը: Ալումյանը նշեց, որ այդ մասին լրատվամիջոցներից է տեղեկացել: Հարցին՝ ինչ-որ բան կփոխի՞ կաթողիկոսի հայտարարությունը, վերջինս նշեց, որ կանխատեսումներ անել չի կարող.

«Ես կանխատեսումներ չեմ կարող անել:
Այս անարդարությունը չի կարող երկար տևել: Ով ավելի շուտ իր ձայնը բարձրացնի այս անարդարության դեմ, նա ավելի մաքուր է լինելու իր խղճի և պատմության առջև:

Սա է իմ կարծիքը այս հայտարարության շարժառիթի վերաբերյալ, ընդամենը իմ ենթադրությունն է, ոչ ավելին»:

Աղբյուրը՝ ArmDaily.am