Պուտինի մեծ նվերը Հայաստանին. Վաղվանից կպարզվի

Տարեվերջն ու տարեսկիզբը հարուստ են իրադարձություններով. Ռուսաստանը բարձրացրեց գազի գինը սահմանին, Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ներքին սպառողի համար գազի գինը կմնա նույնը: Մոսկվայի այս քայլն իհարկե որեւէ արդարացում չունի, անկախ նրանից՝ դա տնտեսական է, թե քաղաքական, ներքին սպառողի համար գինը կբարձրանա, թե ոչ:

ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայից զորքը դուրս բերելու մասին, ինչպես երեւում է՝ Թուրքիայի պահանջով: Ճիշտ է, հետագայում ամերիկացիները նախապայմաններ դրեցին թուրքերի առջեւ, որին հետեւեց Անկարայի կոշտ պատասխանը:

Ավելորդ է ասել, թե Հայաստանն ինչ կարեւոր շահեր ունի Սիրիայում ու Իրաքում, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ թուրքերի տարածքային էքսպանսիայի գոտին համընկնում է հայերի պատմական ու քաղաքակրթական ներկայության շրջանին:

Թուրքերը հետեւողականորեն վերացնում են հայկական ներկայության բոլոր դրսեւորումները, ավարտին հասցնելով 100-ամյա քաղաքականությունը:

Հայկական պետական-քաղաքական շրջանակներում քննարկվո՞ւմ է այս հարցը, նկատի առնելով, որ այն անմիջապես առնչվում է Հայաստանի (ներառյալ Արցախը) անվտանգության խնդրին: Այստեղ թերեւս տեղին է նաեւ հարցը՝ ի՞նչ եղավ Սիրիա ուղարկվելիք հայկական զորախումբը:

Մինչ այդ, Հայաստանում այլ հարցեր են քննարկվում: Նախկին դաշինքի անդամ կուսակցությունները լուրջ բանավեճի մեջ են Երեւանում աղբահանության խնդիրների վերաբերյալ: Քննարկվում է ավտոդողերի գողության, կապույտ մազերով աղջիկների հարցը: