Պնդում են, որ մենք բռնաբարել ենք իրենց աղջկան. ովքեր են երեկ ներխուժել եկեղեցիներ

Մարդիկ, ովքեր ներխուժել էին եկեղեցիներ, հայհոյում ու վիրավորում էին պատարագի մասնակիցներին, ադեկվատ չէին և, որքան հասկացա՝ մտավոր խնդիրներ ունեին…

Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպին,

երբ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ…

«Եթե լսեիք իրենց մեղադրանքներն՝ ինձ թվում է ամեն ինչ պարզ կլինի, այդ մարդիկ ամուսիններ են, նրանք ցուցակ են ներկայացնում, անուններ են հնչեցնում, Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև ինձ՝ ներառել են այդ ցուցակում և պնդում են, որ մենք բռնաբարել ենք իրենց աղջկան։ Նման հայտարարությունները արդյունք են հոգեկան խանգարման»,-ասաց Տեր Եսային…

Նա պատմեց, որ այդ ընտանիքին վաղուց է ճանաչում, երբ իրենք գտնվում են Ֆրանսիայում՝ ճամբարում և իրենց արտաքսում էին՝ իրենք դիմել են տարբեր եկեղեցիների՝ Կաթողիկե, Առաքելական, Հայ Ավետարանչական, և երբ որևէ մեկը չկարողացավ լուծել իրենց դեպորտի հարցը՝ իրենք իրենց զայրույթը ուղղեցին դեպի հոգևորականներ…

«Բայց հոգևորականներն ինչպե՞ս պետք է օգնեին, եթե արդեն նրանց դեպորտ էին անել»,-ասաց նա…

Նշված անձինք պարբերաբար փորձել են տարբեր մարդաշատ վայրերում՝ ակցիաների ընթացքում ներկայացնել ու բարձրաձայնել իրենց խնդիրը…

«Երբ արդեն սկսեցին ներխուժել եկեղեցի ու պատարագը խանգարել, անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ՝ Սուրբ Սարգիս եկեղեցում ոստիկանները միջամտեցին ու նրանց դուրս հրավիրեցին եկեղեցուց»,-ասաց նա…

Տեր Եսային պատմեց, ընտանիքն ունի խուլ դուստր, ով դեռ 7-8 տարի առաջ, երբ հաճախում էր Սուրբ Երրորդություն եկեղեցու խուլերի համայնք՝ ակտիվորեն մասնակցում էր համայնքի կյանքին, բացի խլությունից առողջական որևէ խնդիր կարծես թե չուներ,

սակայն Ֆրանսիայում՝ որտեղ ընտանիքը հանձնված էր արտագաղթածների ճամբար՝ աղջիկը ավելի լուրջ խնդիրներ է ձեռք բերում ու դառնում է ավելի հաշմանդամ, նա սայլակով է շարժվում…

Նրանք ասում են, որ եկեղեցին իրենց չի օգնել, ուրեմն բոլոր դժբախտությունների պատճառը հոգևորականներն են…

«Ամուսինները սկսել են երևակայական մեղավորներ փնտրել՝ մեկ Հայրապետին են մեղադրում, մեկ արքեպիսկոպոս Կճոյանին, մեկ իրեն, մեկ էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին։ Ամեն դեպքում, այն, ինչում մեղադրում են ինձ ու մյուս հոգևորականներին՝ աբսուրդի ժանրից է»,-ասաց Տեր Եսային…

Նշենք, որ ամուսինները պարբերաբար մասնակցում են նաև Քոչարյանի դատական գործերի ընթացքում տեղի ունեցող ակցիաներին: Նրանք հայտնվում են դատարանում և սկսցում բղավել, հայտարարել, թե Քոչարյանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում բռնաբարել է իրենց աղջկան…