Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ՝ ոստիկանությունում

armdaily.am-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Արման Սարգսյանի հրամանով Արտակ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից։

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Աշոցքի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արթուր Խաչատրյանն ազատվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արկադի Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը:

ArmDaily.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց տեղեկությունները: