Ուժեղ հարված Պուտինին․ ի՞նչ են մտածում Երևանում

«Մեր էներգիառեսուրսների արտադրողները պատրաստ են ձեզ 100 տոկոսով ապահովել մրցակցային գներով»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները էներգառեսուրսների խոշորագույն արտադրողն է աշխարհում:

Պոմպեոյի այցը պատմական է համարվում, քանի որ վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարն ավելի քան 25 տարի առաջ է այցելել Մինսկ:

1994 թվականին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերն ուղեկցել է Բելառուս մեկնած նախագահ Բիլ Քլինթոնին:

Պատմական են նաև Պոմպեոյի՝ Մինսկում հնչեցրած հայտարարությունները։ Նավթային համագործակցության հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղարը հնչեցրել է ուշագրավ համատեքստում։  «Ես հուսով եմ, որ մենք կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները ներդրումների գծով, որպեսզի Բելառուսն ունենա ինքնիշխանություն և անկախություն: Ես այսպես եմ հասկանում, որ դա այն է, ինչ դուք ուզում եք»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարի բելառուսական այցն իրապես շրջադարձային է, եթե հաշվի առնենք մի շարք հանգամանքներ։ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը շատերը համարում են Եվրոպայի «վերջին բռնատիրություն» ու ավելորդ է ասել, որ սլավոնական այս երկիրն, ըստ էության, ինստիտուցիոնալ հարաբերություններ չունի Արևմուտքի հետ։ Բացի այդ՝ Բելառուսը Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն է ու ոչ միայն մասնակցում է Մոսկվայի բոլոր ինտեգրացիոն նախագծերին՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, այլ նաև միութենական պետության պայմանագիր ունի Ռուսաստանի հետ, որի քսաներորդ տարեդարձի շեմին էլ խոր ճգնաժամ առաջացավ Մոսկվայի ու Մինսկի հարաբերություններում։

Բանն այն է, որ Պուտինի իշխանությունը հետևողականորեն պնդում է միութենական պետության ստեղծումն արագացնելու ցանկությունը՝ ըստ էության, ցանկանալով կլանել Բելառուսը։ Շատերը կարծում են, որ այս ցանկությունը պայմանավորված է Պուտինի ներքաղաքական հաշվարկներով․ Ռուսաստանի նախագահն իբրև թե 2024-ից հետո ցանկանում է մնալ իշխանության ղեկին՝ միութենական պետության ղեկավարի կարգավիճակում։

Մոսկվայի ցանկությունը, սակայն, բախվեց Լուկաշենկոյի համառ դիմադրությանը, ինչի համատեքստում Բելառուսի նախագահը մի քանի հրապարակային հայտարարություններ արեց՝ սիրաշահելով ԱՄՆ-ին, ԵՄ-ին, անգամ ՆԱՏՕ-ին՝ նրանց համարելով իր երկրի ինքնիշխանության երաշխիք։

Ահա այս համատեքստում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս, որտեղ էլ նա հանդես եկավ սենսացիոն հայտարարություններով։

Դրանք շեշտակի հարված են Պուտինի հեղինակությանը, ռուսական նեոկայսերականությանը։ Ըստ էության՝ կասկածի տակ են դրվում ոչ միայն Պուտինի անձնական քաղաքական հավակնությունները, այլ նաև՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կենսունակությունը, որովհետև այլևս արտաքին քաղաքական ինքնուրույն կուրսի հայտ է ներկայացնում մի երկիր, որը թվում էր՝ այլընտրանք չունի ու դատապարտված է միշտ մնալ Մոսկվայի ազդեցության գոտում։

Միջազգային հարաբերություններում, տարածաշրջանում արագ, որակական փափոխություններ են տեղի ունենում, ինչը խիստ որոշակի փոփոխություններ է պահանջում նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ արձանագրելով, որ հեղափոխության արժեքներն, ըստ էության, չեն կապիտալիզացվել արտաքին քաղաքականության մեջ, որն, ըստ էության, զգալիորեն կաշկանդված է Մոսկվայի օրակարգով, ռուսական շահերով։

Ներկա իրավիճակում, երբ աշխարհն ավելի անկանխատեսելի է դարձել՝ իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներով, հույժ կարևոր է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրապես դիվերսիֆիկացված ու նախաձեռնող լինի՝ պատրաստ դիմակայելու բոլոր հնարավոր մարտահրավերներին։