Ով է իրականում դավաճանել Սերժ Սարգսյանին

Lragir.am-ը գրում է.

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը դավաճան է: Այդ միտքը համացանցում շրջանառվում է այն բանից հետո, երբ ՀՔԾ-ն դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով մեղադրանք է ներկայացրել Սերժ Սարգսյանին, ՀՀԿ նախագահի խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը…

Մամուլում եղել են հրապարակումներ, որ մեղադրանքը ներկայացվել է Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա…

Ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարել է դիզվառելիքի սուբսիդավորման ծրագրով վառելիք ձեռք բերել Ֆլեշ ընկերությունից, որը պատկանում է նրա ընկեր Բարսեղ Բեգլարյանին…

Մինչդեռ, ըստ ՀՔԾ-ի, եղել է ընկերություն, որն առաջարկել է ավելի էժան վառելիք, եւ այդ կերպ պետությունը կխնայեր մոտ կես միլիարդ դրամ…

Բարսեղ Բեգլարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ ունի մտերիմ հարաբերություն, բայց կապ չունի նրա գործերին…

Ավելի հետաքրքիր է, կամ առնվազն պակաս հետաքրքիր չէ այն, թե ում հետ է մտերիմ Սերգո Կարապետյանը: Համենայն դեպս, հատկանշական է, որ նա դե ֆակտո Արտֆուդ ընկերության 50 տոկոս բաժնետեր էր, իսկ մյուս 50 տոկոսը պատկանում էր Հովիկ Աբրահամյանին…

Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանն ու Սերգո Կարապետյանը եղել են վերամշակող ընկերության համասեփականատեր, փայընկերներ…

Հովիկ Աբրահամյանի հեռանալուց եւ կառավարության փոփոխությունից հետո գյուղնախարարի պաշտոնից հեռացավ նաեւ Սերգո Կարապետյանը: Թե ինչպես հեռացավ Հովիկ Աբրահամյանը, թերեւս հիշում են բոլորը կամ շատերը: Նա հեռացավ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով, լքելով նաեւ ՀՀԿ-ն…

Հովիկ Աբրահամյանը չափազանց սուր արձագանքեց այն հանգամանքին, որ դադարում է լինել իշխանության ժառանգորդի հավակնորդ: Նա Սերժ Սարգսյանին մեղադրում էր մայր գետը մաքուր պահել չկարողանալու, դրան օտար վտակներ խառնելու համար, նկատի ունենալով Կարեն Կարապետյանին…

Հետո իհարկե հեռակա բանավեճը դադարեց: Չի բացառվում սակայն, որ նստվածքը մնացել է, եթե ոչ Աբրահամյանի մոտ, ապա նրա թիմի որեւէ անդամի, կամ նրա մերձավոր շջապատի, գործընկերներից որեւէ մեկի մոտ…

Ի դեպ, մինչեւ թավշյա հեղափոխությունը հայտնի էր դարձել նաեւ, որ Արտֆուդ ընկերությունը վաճառվել է, եւ դրա սեփականատեր է դարձել ռուսաստանցի հայ գործարար Կամո Ավագիմյանը, որը Կարեն Կարապետյանի կառավարության աջակցության նպատակով ստեղծված Հայաստանի նրդրողների ակումբի անդամ էր…

Արդյոք Սերգո Կարապետյանի մեջ ցուցմունքի տեսքով խոսել է Սերժ Սարգսյանի հանդեպ նստվածքը: Եթե իհարկե ճիշտ են մամուլի հրապարակումները, որ հենց նրա ցուցմունքով է մեղադանք ներկայացվել Սերժ Սարգսյանին…

Միաժամանակ, Կարապետյանին տրվող դավաճան որակումը հետաքրքիր է: Հետաքրքիր այն իմաստով, թե՝ Կարապետյանը զրպարտել է եւ դրա՞ համար է դավաճան, թե Կարապետյանը գաղտնիք է բացել եւ դավաճան է դրա համար…

Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ դավաճանության թեման նախկին իշխող համակարգում բավական բազմավեկտոր թեմա է, բավականին հեռվից եկող արմատներով…