Նոր իրավիճակ է ստեղծվում. Մարտը վերսկսվեց

lragir.am-ը գրում է.

Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը տված պատասխանում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է,

թե Նիկոլ Փաշինյանը տարբեր անձանց միջոցով փոխանցել է, որ Վանեցյանն առժամանակ լռի, սակայն հենց ինքն է «հերթական անգամ խախտում պայմանավորվածությունը»: Այդ մասին ԱԱԾ նախկին պետը ասել էր hraparak.am-ի հետ զրույցում…

Ի՞նչ «հերթական խախտման» մասին է խոսում Արթուր Վանեցյանը: Ի՞նչ պայմանավորվածություն է խախտել Նիկոլ Փաշինյանն ըստ Արթուր Վանեցյանի: Պետք է ենթադրել, որ «լռության մասին պայմանավորվածության» վերաբերյալ է խոսքը…

Այդ իմաստով հարկ է դիտարկել ԱԱԾ պետի հրաժարականի կամ պաշտոնանկության ժամանակագրությունը…

Սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում hraparak.am-ի լրագրողը վարչապետն հարցնում է, թե իրականությանը համապատասխանու՞մ է արդյոք ԱԱԾ պետ Վանեցյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին տեղեկատվությունը…

Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշում է, որ նրա պաշտոնանկության միջնորդագիրը ներկայացրել է նախագահին, եւ այն կստորագրվի հավանաբար մեկ-երկու օրվա ընթացքում…

Վարչապետ Փաշինյանը նշում է, որ Վանեցյանի հետ այդ որոշման են հանգել համատեղ քննարկումներում, եւ քննարկելով նաեւ նրա ներգրավվածության վերաբերյալ հետագա սցենարները, որոշել են, որ նա կզբաղվի ֆուտբոլի հավաքականը 2020 թվականի Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս բերելու «պետական, ազգային» կարեւոր խնդրով…

Վարչապետի ասուլիսը Վանաձորում շարունակվում էր, երբ Ազգային անվտանգության ծառայության կայքում հրապարակվեց Արթուր Վանեցյանի հրաժարականի սկանդալային տեքստը, առաջ բերելով արդեն ծավալվող վարչապետ-ԱԱԾ նախկին պետ կոնֆլիկտը…

Փաստացի, արձանագրենք, որ ասուլիսի ընթացքում վարչապետը փորձեց ԱԱԾ պետի պաշտոնանկության կամ հրաժարականի թեման չսրել, այն բերել «համատեղ քննարկումների» հարթություն եւ պատասխանել լրագրողներին առանց աղմկոտ ձեւակերպումների…

Ինչու՞ դրանից րոպեներ անց Արթուր Վանեցյանը տարածեց սկանդալային հայտարարությունը, որն անկասկած գրված եւ պատրաստ էր վաղուց: Ի՞նչ իրավիճակի համար էր այն նախատեսված եւ ինչու՞ Արթուր Վանեցյանը սրեց իրավիճակը, վարչապետի ասուլիսում ամենեւին ոչ սուր պատասխանից հետո…

Ստացվում է, որ առաջինը պայմանավորվածությունը խախտեց Արթուր Վանեցյա՞նը՝ իր հրաժարականի սկանդալային հայտարարությամբ…

Դրան արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակը, ասելով, որ հայտարարությունը թերեւս Վանեցյանը չի գրել, այլ գուցե օլիգարխներից մեկը, որին հաջողվել է խուսափել օրենքի առաջ պատասխան տալուց: Շատերը դա ընկալեցին ակնարկ Միքայել Մինասյանի մասին…

Դրան հաջորդեց Արթուր Վանեցյանի պարզաբանումը, որ հրաժարականի տեքստը գրել է ինքը, աշխատել են դրա վրա օգնականի հետ միասին: Վանեցյանը միաժամանակ հայտնեց, թե նախկինները թող չփորձեն խառնվել իր ու գործող իշխանության փոխհարաբերությանը, իրենք գիտեն, թե ինչպես կառուցել այն…

ԱԱԾ պետը նաեւ հայտարարեց, թե Միքայել Մինասյանը իր համար մարդ է, որը Հայաստանում պետք է պատասխան տա օրենքի առաջ…

Դրան հաջորդեց Միքայել Մինասյանի հայտարարությունը, որ Վանեցյանը պետք է պատասխան տա քաղաքական պատվերով հետապնդումների մաս կազմելու համար…

Վարչապետի խոսնակի հայտարարությանը Վանեցյանի արձագանքը թողնում էր տպավորություն, որ Վանեցյանը առաջարկում է հրադադար: Եվ իրավիճակը կարծես թե որոշակիորեն հանգստացավ, իսկ ԱԱԾ պետի սկանդալային տեքստին զայրալից արձագանք տված հանրության մի զգալի մասն էլ Վանեցյանի պարզաբանումից հետո հանդարտվեց նրա հանդեպ…

Բայց Լոս Անջելեսում եղավ Նիկոլ Փաշինյանի սուր պատասխանը Վանեցյանի վերաբերյալ հարցին: Նշանակու՞մ էր դա, որ վարչապետը մերժել է հրադադարի Վանեցյանի առաջարկը: Դրան հաջորդեց Արթուր Վանեցյանի սուր պատասխանը…

«Մարտը» վերսկսվեց: Անկասկած այն կտաքացնի շատ ձեռքեր եւ կստեղծի նոր իրավիճակ, որում թե ով, երբ եւ ինչ պայմանավորվածություն է խախտել, կամ ով է խախտել առաջինը, արդեն կարեւոր չէ…

Ի դեպ, նոր իրավիճակում Արթուր Վանեցյանը կարող է «փոխարինել» Ռոբերտ Քոչարյանին, կամ առնվազն դառնալ նրա լուրջ «մրցակից»՝ որպես նոր իշխանության հետ «գլխավոր հակամարտող»…