Նոր գրոհ Իրանի դեմ. Ինչ է կատարվել

Lragir.am-ը գրում է.

Թեհրանի օդանավակայանի մատույցներում Ուկրաինական ավիաուղիներ ընկերության օդանավի աղետը կարծես թե դառնում է Իրանի դեմ նոր, այս անգամ առայժմ տեղեկատվական գրոհի պատճառ: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել էր, որ հետախուզությունը ներկայացրել է տվյալներ, թե օդանավը խոցել է իրանական ՀՕՊ համակարգը: Տրյուդոն նշել էր, թե դա գուցե եղել է սխալմամբ խոցում: Կանադայի վարչապետը հայտարարել էր, որ ունեն հարցեր եւ չեն հանգստանա, մինչեւ դրանց պատասխանը ստանալը…

ՀՕՊ համակարգով խոցման տեղեկատվությունը տարածվեց արեւմտյան մամուլում: Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետը, ԱՄՆ նախագահը խոսել են հնարավոր սխալի մասին, իհարկե անելով վերապահում՝ որ պետք է ամեն ինչ պարզ լինի քննության արդյունքում…

Իրանը հերքում է այդ վարկածը, միաժամանակ քննությանը հրավիրում միջազգային փորձագետների: Ավելին, միջազգային կանոնների համաձայն, ավիաաղետի քննությանը մասնակցելու իրավունք ունեն օդանավի արտադրող ընկերության ներկայացուցիչները, նաեւ այն երկրների, որոնց քաղաքացիները զոհվել են աղեի հետեւանքով: Այդպիսով, Իրանում թեժ օրերին տեղի ունեցած ավիաաղետի քննությանը կարող են մասնակցել ամերիկյան Բոինգ ընկերության փորձագետները, Ֆրանսիայի ներկայացուցիչներ՝ որպես օդանավի շարժիչ արտադրող երկրի, նաեւ Կանադայի, Ուկրաինայի, Աֆղանստանի փորձագետները, քանի որ օդանավում եղել են այդ երկրների քաղաքացիներ…

Արդյոք նման պարագայում կհաջողվի քողարկել հնարավոր ՀՕՊ հարվածը, եթե այդ վարկածը համապատասխանում է իրականությանը…

Բնականորեն կա առաջին տրամաբանական հարցը՝ իսկ Իրանին ինչի՞ համար էր պետք խոցել այդ օդանավը: Իհարկե, ադ աղետը առաջին հերթին ձեռնտու չէր հենց Իրանին: Բայց, կրկնենք, խոսք կարող է լինել սխալմամբ խոցման մասին: Ընդ որում, այդ հանգամանքը միջազգային պրակտիկայում ամենին նոր բան չէ…

2001 թվականին Սեւ ծովի վրա խոցվեց Սիբիր ավիաընկերության Թել-Ավիվ- Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող օդանավը: Այն խոցվեց ուկրաինական ՀՕՊ հրթիռով: Ուկրաինան ընդունեց մեղքը, ներողություն խնդրեց, փոխհատուցում վճարեց զոհերի հարազատներին, նաեւ Ռուսաստանին եւ Իսրայելին: Օդանավի թռիչքի ժամանակ եղել էին ուկրաինա-ռուսական ՀՕՊ վարժանքներ: Ուկրաինայի պաշտպանության նախարարն ու մի շարք գեներալներ հեռացվեցին…

2014 թվականին տեղի ունեցավ Մալայզիական ավիաուղիների՝ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի աղետը, մոտ 400 զոհով: Օդանավը խոցվեց Ուկրաինայի Արեւելքում, որտեղ ծավալվում էր Դոնբասի հակամարտությունը: Քննությունը պարզեց, որ օդանավը խոցել են Դոնբասի անջատականները՝ Ռուսաստանից բերված ԲՈՒԿ հարակհիթրառյին համալիրով, օդանավը դիտարկելով որպես ուկրաինական ռմբակոծիչ…

Անջատականներն ու Ռուսաստանը սակայն չեն ընդունում ներկայացվող մեղադրանքը…

Ինչու՞ պետք է Իրանի ՀՕՊ-ը սխալվեր: Ի վերջո պետք է նկատել, որ դեպքը տեղի է ունեցել ամերիկյան ռազմակայաններին իրանյան պատասխան հարվածի ժամանակ: Իրանական զինուժը բերված է եղել մարտական բարձր պատրաստականության՝ հնարավոր պատասխան հարվածին դիմակայելու համար: Չի բացառվում, որ օդանավը կարող էր դիտարկվել իբրեւ ամերիկյան անօդաչու սարք, կամ որեւէ այլ սպառնալիք: Պահը, ի վերջո, եղել է չափազանց պատասխանատու եւ լարված…

Այդուհանդերձ, դա ընդամենը վարկած է, որը պետք է ապացուցվի: Հնարավոր կլինի՞ թաքցնել որեւէ բան: Համենայն դեպս, Իրանը ամենաշահագրգռվածը պետք է լինի լիարժեք բացահայտելու հարցում…

Միաժամանակ ակնառու է, որ ամերիկա-իրանյան թեժ օրերից հետո ձեւավորված իրավիճակում կան մի շարք շահագրգռված ռեգիոնալ եւ միջազգային դերակատարներ, որոնք կարող են ունենալ մեկնարկող նոր խաղից որոշակի դուրս մնալու զգացում եւ հիասթափություն՝ որ իրադարձությունը չզարգացավ ամերիկա-իրանյան ռազմական բախման սցենարով, ինչի վրա կարող էին ձեռք տաքացնել շատերը թե ռեգիոնում, թե աշխարհում…

Այդ համատեքստում անկասկած լինելու են առաջիկայում իրավիճակ տաքացնելու, կամ այդպիսի զարգացում խթանելու նոր փորձեր…