Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Վանեցյանին

Lragir.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել է.

«Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել…

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է, եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից…

Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը»…

Այս «ցանկից» ԱԱԾ ու ոստիկանության ղեկավարներն արդեն հրաժարական են տվել, արդյոք փոխվելու են նաեւ մյուս կառույցների ղեկավարները…

Նիկոլ Փաշինյանի այս գրառումն, ըստ էության, պատասխան է Արթուր Վանեցյանի աղմկոտ հրաժարականի կապակցությամբ կարծիքներին, ինչպես նաեւ ինչ որ առումով հենց ԱԱԾ նախկին պետին…

Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ ակնարկել էր, որ ինչ որ հանձնարարություններ չի կատարել, քանի որ սպայի պատիվն ու արժանապատվությունը դա թույլ չեն տալիս…

Վանեցյանի այդ հայտարարությունն ակնհայտորեն անակնկալ էր վարչապետի համար, ում այդ մասին հարց էին տվել մամուլի ասուլիսի ժամանակ…

Նա ասել էր, թե չի կարող մեկնաբանել մի հայտարարություն, որը չի կարդացել, այնուհետեւ ասել, թե չի նկատել, որ Վանեցյանը սպայի պատվի հետ կապված խնդիր է ունեցել…

Ուշագրավ է, որ իր հրաժարականի հայտարարության մեջ սպայի պատվից է խոսել նաեւ Վալերի Օսիպյանը, թեեւ նրա հայտարարությունը նույնքան կոնֆլիկտային չէր, որքան Վանեցյանինը…

Այնուամենայնիվ, դրանում նույնպես կար ակնարկ, որ համաձայն չի եղել կատարել ինչ որ հրահանգներ…

Իր երեկվա գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը փաստացի պատասխանել է Արթուր Վանեցյանին, ակնարկելով, որ ԱԱԾ ղեկավարը հետեւողական չի եղել կոռուպցիոներներին ու լրտեսներին բացահայտելու հարցում, որոնք առիթից օգտվելով՝ «իրենց մութ գործերն են կարգավորել»…

Ընդհանրապես, վարչապետը պարբերաբար դժգոհել է այս ուղղությամբ իրավապահների գործողությունների տեմպից…

Միեւնույն ժամանակ, ուշագրավ է գրառման մեջ լրտեսների հիշատակումը…

Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայկական քաղաքական դաշտում գործակալների գոյության վերաբերյալ հայտարարություն էր արել, որից հետո լրագրողներն ու քաղաքական շրջանակները նրան պարբերաբար հիշեցնում էին այդ մասին…

Վանեցյանի հրաժարականի պատճառների շարքում մամուլը գրեց ինչ որ թղթապանակների մասին, որոնք դարձել էին տարաձայնությունների պատճառ…