Մելինեն մահացել է, այդ անունով մարդ չեմ տեսնում, կա Մելո Դալուզյան․ Փաշիկ Ալավերդյան

armtimes.com-ը գրում է.

Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, դժգոհությունները չեն դադարում…

Քննադատության են ենթարկվում թե՛ ֆիլմի հեղինակներն ու ֆինանսավորողները, թե՛ ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամը…

Նաեւ օրակարգային է դարձել Մել Դալուզյանի վերաբերյալ նախկինում արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ նա մարզական կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ է օգտագործել…

Լոնդոն 2012-ում Դալուզյանի դոպինգ-թեստի վերստուգման արդյունքում նրա նմուշում դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն ու ստանոզոլոլ է հայտնաբերվել: Այս օլիմպիական խաղերում նա մեդալ չէր նվաճել…

Այս տեղեկատվությունը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել էր դեռ 2018 թ. դեկտեմբերին…

Միջազգային օլիմպիական կոմիտեն նույնպես այս մասին տեղեկացրել էր 2019-ի մայիսին՝ ավելացնելով, որ հետագա պատժամիջոցների մասին որոշում պետք է կայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան…

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկված մարզիկների ցանկում Դալուզյանի անունը չկա, սակայն սա չի նշանակում, որ նրա դրական դոպինգ-թեստը չի անդրադառնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի վրա…

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խստորեն պատժելու է այն երկրներին, որոնք 2008 թ. օլիմպիական խաղերից սկսած՝ 20 եւ ավելի դրական թեստեր ունեն…

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը մարզիկների քանակի մասին է ու Դալուզյանի հետ միասին ստացվում է, որ Հայաստանի 19 մարզիկ է դրական դոպինգ թեստ ունեցել…

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ խոսեց այն մասին, որ Դալուզյանը մի քանի տարի է՝ կապ չունի ֆեդերացիայի հետ…

Նշեց, որ նույնիսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հարցրել են Դալուզյանի մասին, իսկ ինքը պատասխանել է, որ իր համար նա մահացած է…

«Ես ասել եմ, որ Մելինեն մահացել է, Մելինե Դալուզյանը մահացած է: Ասել են՝ ինչո՞ւ, ասել եմ, որովհետեւ հիմա Մելինե Դալուզյան անունով մարդ չեմ տեսնում: Կա Մելո Դալուզյան: Մելոն դա Մելինեն չէ»,- պատմեց Ալավերդյանը…