Հայ լրագրողներին դիրքեր չթողնելով՝ ինչպե՞ս եք առաջնագիծ թողնում ռուս չեկիստին. դուք գիտե՞ք՝ ում ալիքն է War Gonzo-ն

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BE AWARE OF BETRAYAL!

Մի շարք հարցեր ՀՀ ՊՆ-ին, ԱԱԾ-ին և վարչապետին։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ում և որտեղ թողեցիք։ War Gonzo կոոպերածիվ ալիքը պատկանում է, ուշադրություն, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ռազմաքարոզչական ծառայությանը…

Դիտեք նույն այս Սեմյոն Պեգովի այլ նյութերը՝ զավթված Ուկրաինայի դոնբասյան տարածքից, ռուս ահաբեկիչների գովազդը, մարդասպան «Մոտոռալայի» դեմքով նրա շապիկը։ Հետո զարմանում եք, թե ինչո՞ւ է Կիևն ազերիների կողմն ընդունում։ Մեկ այլ հարց՝ հայ լրագրողներին դիրքեր չթողնելով, հայ զինվորի հաղթանակը «դիվանագիտորեն» կոծկելով, այդ ինչպե՞ս եք առաջնագիծ թողնում ռուս չեկիստին, ով ներսից նկարահանում է մեր դիրքերը և հեռարձակում եթեր…

Սա ի՞նչ է՝ հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Միայն չասեք, որ «PR եք անում»՝ այս գործակալի դիտումները հազիվ 1,5 հազար է։ Ես հարցնում եմ որպես Արցախյան պատերազմում 3 տարի ռազմական լրագրող և տեղեկատվական խորհրդական աշխատած մարդ, ով առ այսօր, 26 տարի անց էլ որոշ գաղտնիքներ չի բացահայտում։ Սա бардак է, պարոնայք»։