Հայտնիներ, որոնք տեսել են երկրաշարժը և հրաշքով փրկվել․ ՑԱՎՈՏ

Armlur.am-ը գրել է․

1988 թվական` դեկտեմբերի 7: 25 հազար հոգու կյանք խլած եւ 500 հազարից ավելի մարդու անօթեւան թողած աղետալի երկրաշարժը ցնցեց Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, Ստեփանավանը եւ այլ քաղաքներ ու գյուղեր․․․

Հայտնիների շրջանում եւս կան այնպիսիք, որոնք հիշում են հայերիս համար ողբերգական այդ օրը: Մի մասն ունեցել է անդառնալի կորուստներ, մյուս մասը՝ փրկվել հրաշքով․․․

31 տարի անց էլ սպիները չեն ապաքինվում, սակայն երկրաշարժի ականատեսներն իրենց մեջ գտել են ուժ հողին ամուր կանգնելու եւ առաջ շարժվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթն ամփոփել է հայտնիների պատմությունները՝ կապված 1988-ի երկրաշարժի հետ․․․

Դերասանուհի Անի Պետրոսյան

Անին ծնվել, մեծացել է հենց Գյումրիում, սակայն նրա պատմությունն ուրախ ավարտ ունի: Ավերիչ երկրաշարժի ժամանակ Անին եղել է 7 տարեկան, գտնվելիս է եղել դպրոցում․․․

Դասի ժամանակ նրա դասղեկն անընդհատ հետաձգել է դպրոցի մյուս կորպուս տեղափոխվելու գործընթացը․․․

Եվ եթե նա այդ քայլին չգնար, ամբողջ դասարանից ոչ ոք ողջ չէր մնա. այդ կորպուսից ոչ ոք չի փրկվել․․․

Իսկ հենց երկրաշարժի պահին նա նույնիսկ իր երեխաների մոտ չի վազել մինչև այն պահը, երբ սաներից ամեն մեկին հանձնել է իր ծնողին: Անին մինչ օրս ասում է, որ կյանքով է պարտական իր դասղեկին․․․

Երգչուհի Իրինա Հարությունյան

Իրինան ևս ծնունդով գյումրեցի է: Նա երկու տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգական աղետը․․․

Այդ պահին Իրինան եղել է մանկապարտեզում, ու թեև փոքր էր, այսօրվա պես հիշում է երկրաշարժը, մանկապարտեզի շենքի ցնցումները և այն, որ ներսում հնարավոր չէր տեղում կանգնած մնալ․․․

Մինչ օրս նրա ականջին է հասնում մանուկների ճիչը, գոռոցները…

Բարեբախտաբար, չարաբաստիկ երկրաշարժն Իրինայի ընտանիքի անդամներից ոչ ոքի չի խլել, բայց բարեկամներից շատերին չի շրջանցել: Կանգուն է մնացել նաեւ Իրինայի պապիկի կառուցած երկհարկանի տունը․․․

Դերասան, ռեժիսոր Սամվել Սարգսյան

Թեև դերասանը բնիկ երեւանցի է, բայց ճակատագրական այդ օրը գտնվում էր Գյումրիում: Երկրաշարժը նրանից խլեց ամենաթանկը՝ սիրելի կնոջն ու 7-ամյա որդուն․․․

Սամվել Սարգսյանին առաջարկվել էր աշխատել Հայաստանի երեք քաղաքներից որևէ մեկի թատրոնում․․․

Ճակատագրի բերումով նա ընտրել էր հենց Գյումրին, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը․․․

Հենց այդ թատրոնի դաշնակահարուհուն էլ սիրահարվել էր ռեժիսորը: Հետո նրանք ամուսնացել էին, կինը ռեժիսորին որդի էր պարգևել…

Դերասանուհի Անահիտ Քոչարյան

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանը երկրաշարժի օրը մասնակցում էր Խորեն Աբրահամյանի (նա այդ ժամանակ Լենինականի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր) հրավիրած ժողովին․․․

Հենց այդ ժողովն էլ փրկեց տիկին Քոչարյանի եւ մյուս դերասանների կյանքը: Այդ օրը ժողովի չներկայացած երկու դերասանուհիները, գրական մասի վարիչն ու դաշնակահարուհին մնացել էին տանն ու… զոհվել (այդ դաշնակահարուհին հենց Սամվել Սարգսյանի կինն էր)․․․

Իսկ Անահիտ Քոչարյանի ընտանիքը աղետից երկու օր անց տեղափոխվել է Երևան, դերասանուհու ամուսնու եղբոր տուն․․․

Սակայն, չդիմանալով հոգեկան տանջանքներին, նրանք երեխաներին թողել են Երեւանում եւ վերադարձել Գյումրի:

Դերասան Ֆրունզիկ Ամիրխանյան

Թեեւ Ֆրունզիկ Ամիրխանյանը ծնունդով արմավիրցի էր, 1974 -1989 թթ. աշխատել է Գյումրու Ս. Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան` համատեղությամբ աշխատելով «Հումորի եւ երգիծանքի» թատրոնում․․․

1988-ի երկրաշարժի ժամանակ դերասանը կորցրել է իր երկու երեխաներին, որոնք մահացել էին դպրոցում…

Հեղինակ՝ Աննա Բաբաջանյան