Կրկնակի հրաժարական. Վազգեն Մանուկյանը շահած դուրս եկավ ճակատից

Lragir.am-ը գրում է.

Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից: Նա հայտարարել է ՀԽ-ից դուրս գալու որոշման մասին…

Հայտարարության մեջ Մանուկյանը փորձում է պատասխանատվությունը դնել իշխանության վրա, ասելով, թե ինքն աշխատում ու ջանում էր հանրային համերաշխության համար, բայց իշխանությունը չգնահատեց, շարունակեց պառակտիչ գործունեությունը, եւ հիմա ինքը կպայքարի այլ ձեւով…

Վազգեն Մանուկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած իրեն պաշտոնանկ անելու առումով դեռեւս մի քանի ամիս լինելու է անձեռնմխելի ժամկետում, բայց հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանը իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ…

Ասե՞լ է Նիկոլ Փաշինյանը որեւէ բան, թե՞ ոչ: Դատելով Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարությունից, Փաշինյանը ոչինչ չի ասել…

Հնարավոր է, Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը միմյանց հասկացել են առանց խոսքի: Բոլոր դեպքերում, Հանրային խորհուրդը ինչպես ոչինչ չէր շահել Վազգեն Մանուկյանով, այդպես էլ ոչինչ չի կորցնում, թերեւս այն պարզ պատճառով, որ Հանրային խորհուրդ՝ որպես այդպիսին կենսունակ ու գործունակ կառույց, գոյություն չունի…

Մինչեւ հեղափոխությունն այն գոյություն չուներ, որովհետեւ ոչ լեգիտիմ իշխանության ոչ լեգիտիմ կցորդ էր, իսկ հեղափոխությունից հետո էլ գոյություն չուներ, որովհետեւ չափազանց բարդ է հեղափոխական մթնոլորտի պայմաններում լինել Հանրային խորհուրդ եւ ինչ որ դեր ունենալ…

Այդպիսով՝ Մանուկյանի հրաժարականով, ոչինչ չի կորցրել թե Հանրային խորհուրդը, թե Վազգեն Մանուկյանը, թե հանրությունը: Իսկ շահել է թերեւս Մանուկյանն ինքը, որքան էլ տարօրինակ չհնչի…

Նա ՀԽ-ից հրաժարականով փաստորեն հրաժարվեց նաեւ նախկին իշխող համակարգի «մահապարտի» կարգավիճակից…

Այդ իմաստով Մանուկյանն իհարկե ավելի փորձառու եւ հմուտ գտնվեց, ի տարբերություն Հրայր Թովմասյանի՝ խորությամբ հասկանալով, թե ինչ կարող է ձեւավորվել իր շուրջ…

Մանուկյանը փաստորեն հրաժարվեց լինել նոր իշխանության դեմ բացվող «երկրորդ ճակատ», բացելով խաղաքարտերն ու հայտարարելով, որ բոլորի նման կանցնի բաց պայքարի՝ առանց այլեւայլ կամուֆլյաժների…

Ներկայում հարցն այն է, թե արդյոք նրա այդ պայքարը նախկին իշխող համակարգի համար կլինի նույնքան արժեքավոր կամ գին ունեցող, որքան մինչեւ հրաժարականը՝ ՀԽ նախագահի կարգավիճակում…