-Ծո, գոնե մէ անեկդոտըմ պատմէ, լսեմ նոր մեռնիմ․ Իրական ու ցավոտ պատմություն

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին․․․

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)․․․

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը․․․

Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր․․․

Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)․․․

113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով,

բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել․․․

Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում․․․

Փլատակներից հանվել է կենդանի – 45000 մարդ, հոսպիտալացվել է – 12500 մարդ․․․

Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ․․․

Ավերիչ երկրաշարժի մասին շատ ֆիլմեր է նկարահանվել, բազմաթիվ պատմություններ պատմվել․․․

Սական, այն ինչ այդ օրերին կատարվում էր աղետի գոտում, այն ցավն ու դժվարությունները, թերևս, հնարավոր չէ պատկերացնել․․․

Հայտնի փաստ է, որ գյումրեցին միշտ էլ աչքի է ընկել իր սրամտությամբ և առանձնացել՝ հումորի իր մեծ զգացողությամբ և ապացուցել, որ երբեք չի կարելի հանձնվել մահին․․․

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուագրավ և հուզիչ մի պատմություն այդ օրերի մասին․

Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր փլվեցին ու հազարավոր մարդիկ մնացին փլատակների տակ․․․

Նրանց մեջ էր նաև, իմ ընկեր Աշոտը։ Աշոտի հետ մտերմացել էինք դեռևս ուսանողական տարիներից ու ես հաճախ էի գնում Լենինական՝ նրանց հյուրընկալվելու․․․

Աշին հնարավոր չէր անհաղորդ մնալ․ բավական էր երկու րոպե շփում և դու արդեն նրա ընկերն էիր․ կյանքով , էներգիայով լի տղա էր․․․

Վերջին ժամանակներում՝ տարված կարևոր ու անկարևոր տարբեր գործերով, հաճախ էի ստիպված լինում մերժել ընկերոջս հրավերն ու երբեմն էլ ստում էի, պատճառներ հոինում․․․

Մի անգամ, երբ կուրսեցիներով հավաքվել էինք Երևանում, ինձանից խոստում կորզեց, որ այս անգամ արդեն հաստատ պետք է գնամ իրենց տուն, ու որպես տույժ՝ մեկի տեղը, երեք օր մնամ․․․

Պայմանավորվել էինք, որ դեկտեմբերի 7-ից 10-ը գնալու եմ Գյումրի և մնամ նրանց տանը․․․

Գյումրու ճանապարհին էի, երբ Երևան վերադարձող ավտոմեքենաների վարորդներից իմացա բոթը․․․

Կյանքն այդ ժամերին կանգ էր առել, ու ես կորցրել էի խոսելու ունակությունս՝ բառիս բուն իմաստով․․․

Հասա Գյումրի, շփոթված, սարսափած շտապեցի Աշոտենց փողոց, գտա շենքը՝ ամբողջովին փլված վիճակում․․․

Շատ չխորանալով մանրամասների մեջ, ասեմ միայն, որ ես գտա նրան, դժբախտաբար ծնողներն ու քույրն արդեն մահացել էին․․․

Աշոտին գտա, քարերի և պանելների արանքում գերեվարված․ նա գրեթե չեր կարողանում շարժվել ու հազիվ էր խոսքեր արտաբերում․․․

Մոտեցա ու անիջապես անցա նրան ազատելու գործին, սակայն, թե ես ու թե նա պարզ հասկանում էինք, որ դա մեր վերջին հանդիպումն էր․․․

Չնայած ամեն բան արդեն կանխորոշված էր, սակայն ես ոչ մի կերպ չէի ուզում համակերպել այդ մտքին։ Ընկերոջս օգնելու ընթացքում ձեռքերս վնասվել էր ու ամբողջությամբ պատվել էր արյունով․․․

Ու մինչ ես փորձում էի ազատել, փրկել Աշոտին, նա հանկարծ սկսեց բարձ ծիծաղել․ – Ծո լսե, որ միքիչ էլ ըսպես շարունակես, վայթեմ ես ստիպված կըլնեմ քեզի փրկելու։ Ծո հերիք է ինձ տանջես, թող հանգիստ շունչս փչեմ, ինչ կուզես ընձնից․

-Ինչեր ես խոսում տո, լրիվ ես գժվել․ Անհաջող հուսադրեցի ես․․․

-Ծո ախպորս պես, արի կլնի դու մի խառնվի իմ ու Աստծու գործերին․ դու էրեվընցի փափուկ տղա ես,  էս մատներդ որ ըսպես ճղել ես, ոնց ես էտ ծանր վիճակով հետո ապրելու․․․

-Աշոտ, կատակ անելու ժամանակ ե՞ս գտել․ սուս մնա, տենամ ինչ եմ անում․․․․

Ցավոք, կողքս այդ պահին մարդ չկար որ օգներ, բայց դա ինձ չէր խանգարում․ ես վստահ էի, որ բոլոր դեպքերում փրկելու եմ ընկերոջս․․․

-Ծո լսե, եթե ուզում ես օգնած ըլնես, մի հատ անեկդոտմ պատմէ, գոնե ուրախ էրթամ էն աշխարհ։ Կարևորը, էկար հասար, ընգերոջդ տեսար, էլ ստիպված չեմ լինի ըսել, թե մեռանք քեզի սպասելով։ Ծո լսե ինչ կըսեմ․ Իմ մնացած կյանքը քեզ եմ տալիս, նայի հա, ինձ խայտառակ չանես, հանկարծ լեվի մեվի չերթաս, Աննիս լավ կընայես․․․

Այդ ժամանակ, արդեն ես էլ չդիմացա ու լաց ու ծիծաղ խառնվեց իրար։ Մահվան դեմ դիմաց կանգնած Աշոտը ծիծաղում էր նրա վրա, ու այդ վիճակով ինձ կյանք էր տալիս։ Ու ես մինչև հիմա ապրում եմ Աշոտի կյանքով, ծիծաղում եմ ամեն մի դժվարության վրա, քանի որ գիտեմ, որ Աշս, ընգերս, կնեղվի ու կխոսա վրես․․․

Աշոտը, դերասան էր, իր կարծիքով աշխարհահռչակ կամ գոնե հայտնի դերասան, ինչի պատճառով հաճախ էիք կատակներ անում, ու նեռվերը ուտում․․․

Բայց ժամանակը ցույց տվեց, որ Աշոտն իսկապես տաղանդավոր մարդ ու դերասան էր ու իր վերջին դերն այս կյանքում նա փայլուն խաղաց։ Դժբախտաբար՝ ծափերի փոխարեն ցավ էր ու արցունք․․․