Լուսադեմին եմ վերադարձել սահմանից, «Սև հովազի» տղաները պատրաստ սպասում են՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած ուղղությամբ դուրս գալու. Ռուստամ Գասպարյան

Արդեն մի քանի օր է՝ թշնամին հրետանակոծում է սահմանամերձ Չինարի, Մովսես գյուղերը։ Մեր Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները և համապատասխան հակահարված են հասցնում հակառակորդին։ Ադրբեջանական մամուլն արդեն գրեց իր մեծաթիվ կորուստների մասին, որոնց թվում են նաև բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ։

 

Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

 

ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ, «Սև հովազ» ազատամարտիկների ՀԿ–ի նախագահ Ռուստամ Գասպարյանն ArmDaily.am հետ զրույցում նշեց, որ լուսադեմին են վերադարձել սահմանից։

««Սև հովազի» տղաներով երեկ գնացել էինք Տավուշ։ Գնդի հրամանատարին ներկայացրեցի, որ էնտեղ ենք, ճիշտն ասած այնտեղ շատ խառն էին։ Հրամանատարին ներկայացրեցի, որ մեր տղաներին հրահանգ է տրված պատրաստ լինել, մենք պատրաստ սպասում ենք, որ հրահանգ լինի, հասնենք այնտեղ։ Բայց դրա անհրաժեշտությունը չկար, մեր զինվորները կանգնած են ամուր դիրքերում և արժանի հակահարված են տալիս թշնամուն, փառք Աստծու։ Մեր տղաները հիմա այստեղ ըստ վաշտերի, դասակների, սպասում են, որ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր ուղղությամբ դուրս գան, բայց Աստված չանի՝ անհրաժեշտություն լինի»,-նշեց նա։