Իրանը Թրամփին պետք է որպես դաշնակից. Օսմանյան կայսրության երկրորդ փլուզումը

Lragir.am-ը գրել է. Բաղդադի օդանավակայանին ճշգրիտ հարվածը, որի հետևանքով զոհվեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, մոտալուտ պատերազմի կանխատեսումների պատճառ է դարձել: Սակայն այն, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Իրաքում, այլ ոչ թե Իրանում, կարող է վկայել, որ ԱՄՆ նպատակը ոչ թե Իրանի դեմ պատերազմ սադրելն է, այլ ուրիշ բան…

Չնայած Իրանի ու ԱՄՆ հարաբերությունների կոնֆլիկտային բնույթին, ինչպես նշում են առաջատար վերլուծաբանները, միայն Թեհրանը կարող է դառնալ ԱՄՆ դաշնակիցը տարածաշրջանում սպասվող կերպափոխումներում: Խոսքը սահմանների սովորական վերաձևման մասին չէ, այլ Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում նոր աշխարհակարգի կառուցման…

Ժամանակակից Մեծ Մերձավոր Արևելքը ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում: Այդ տարիներին Ամերիկան արդեն ուժեղ էր, բայց նախագահ Վուդրո Վիլսոնն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ կառուցել նոր Մերձավոր Արևելքը ըստ ամերիկյան պլանների…

Բրիտանիան ու Ֆրանսիան կարողացան կիսել տարածաշրջանը, իսկ Օսմանյան կայսրության հյուսիսը, այդ թվում՝ Հայաստանը, Թուրքիան հասցրեց կիսել Ռուսաստանի հետ: Ընդ որում, վերլուծաբանները նշում են, որ Վիլսոնը մտադիր էր մեծ Հայաստանն ու Քուրդիստանը դարձնել ԱՄՆ պրոտեկտորատ…

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն կարողացավ հասնել Մերձավոր Արևելքում փոփոխությունների՝ պնդելով, որ Իսրայել պետություն ստեղծվի և ֆրանսիական, բրիտանական ու իտալական գաղութներն ինքնիշխան դառնան: Բայց այն ժամանակ էլ չհաջողվեց իրագործել սեփական պլանները…

Մերձավոր Արևելքի շատ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, 20-րդ դարում պարբերաբար կոնֆլիկտների մեջ են եղել, որոնցից շատերի հիմքում քրդական գործոնն ու նավթն էին: ԱՄՆ-ն պարբերաբար փորձել է միջամտել ու իր ճշգրտումներն անել, բայց մինչ այժմ չի հաջողվել՝ մասամբ այն պատճառով, որ Թուրքիան ու Ռուսաստանն ամեն ինչ անում էին, որ ԱՄՆ-ն չկարողանա նոր աշխարհակարգ կառուցել տարածաշրջանում: Իրանն էլ էր դեմ…

ԱՄՆ փորձերն ուղեկցվում էին նշանային սպանություններով: 2006 թվականին ցուցադրաբար կախաղան բարձրացվեց Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը: 2011 թվականին պատժվեց 1969 թվականից Լիբիան կառավարող Մուամմար Կադդաֆին: Երբեմնի ամենազոր գնդապետի սպանության կադրերը պետք է սարսափ ֆիլմ դառնային մյուս բռնապետերի համար: Մերձավորարևելյան քաղաքականության շատ հնաբնակներ դրանից հետո իրոք հեռացան, բայց ԱՄՆ-ն, միևնույն է, չկարողացավ առաջ տանել իր պլանները…

Դոնալդ Թրամփի հրամանով իրականացվեց երրորդ նշանային սպանությունը՝ Ղասեմ Սոլեյմանիի, որը համարվում է տարածաշրջանում ամերիկյան ներկայությանը դիմակայության գաղափարաբանը…

Չնայած ռազմատենչ հռետորաբանությանը՝ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, Իրանին՝ տարածաշրջանի միակ հազարամյակներ գոյություն ունեցող պետությանը, որն օտար կայսրությունների փլուզման արդյունքը չէ և ստիպում է հաշվի նստել իր հետ, դաշինք է առաջարկում: ԱՄՆ-ն չի կարող իրագործել իր ծրագրերն առանց Իրանի…

Ինչպե՞ս է Թեհրանը վերաբերվում այդ հեռանկարին: Ռոհանին զանգել է Էրդողանին եւ տարածաշրջանի երկրներին համատեղ դիմակայության կոչ է արել: Իրանի ԱԳ նախարարև Զարիֆը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ եւ չի բացառվում, որ Թեհրանը որոշ առաջարկներ է արել ու զգուշացրել հետևանքների մասին…

Էրդողանը դեռ չի պատասխանել Իրանին, միգուցե այն պատճառով, որ գիտի՝ հաջորդն ինքն է: Երևանն ու Բաքուն ցավակցել են Իրանին: Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթից ասել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն հավասարապես կարևոր են Հայաստանի համար…

Երևանը պատրա՞ստ է նրան, որ ԱՄՆ-ն ու Իրանը կարող են համաձայնության գալ նոր աշխարհակարգի շուրջ: Հայաստանը պատրա՞ստ է վերափոխումներին, Օսմանյան կայսրության երկրորդ փլուզմանը եւ իր ծրագիրն ունի՞ 100 տարի գոյություն ունեցող կարգի փլուզման դեպքի համար…