Ինքնաթիռ չի ընկել․ Ինչն է եղել՝ Տավուշում մեծ պայթյունի պատճառը

Քիչ առաջ ֆեյսբուք սոցալական ցանցում տեղեկատվություն տարածվեց, որ Տավուշի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Օգտատերերը հայտնում էին տեղեկություններ այն մասին, թե իբր Ենոքավան գյուղի մոտակայքում ավիավթար է եղել՝ կործանվել է քաղաքացիական ինքնաթիռ․․․

Քիչ անց շրջանառվեց վարկած, որ մարզում խոշոր գազատար է պայթել: Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները: Նա մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Այսօր մենք Ռուսաստանի ՊՆ-ից պաշտոնական տեղեկատվություն ենք ստացել, որ օրվա ընթացքում տեղի են ունեցել օդային զորավարժություններ, երեսունից ավելի օդային տեխնիկա է մասնակցել․․․

Թռիչքները կատարվել են «Էրեբունի» օդանավակայանից: Թռիչքները եղել են ոչ միայն Տավուշում, այլեւ Լոռում: Երեւի այդ թռիքչների աղմուկն է եղել: Որևէ տեխնիկայի անկման մասին պաշտոնական տեղեկություն չկա»․․․

ԱԻՆ 911 ծառայությունից էլ Factor.am-ին փոխանցեցին, որ որեւէ արտակարգ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Թեմային անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը: Նա ֆեյսբուքում գրել է. «Տավուշի մարզում որեւէ արտառոց բան չի կատարվել, ոչ պայթյուն է որոտացել, ոչ էլ ինքնաթիռ է ընկել․․․

Վերջին ժամերին տարբեր օգտատերերի կողմից սոցցանցերում տարածված գրառումներն, ըստ պատգամավորի, ապատեղեկատվություն են: Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»,- գրել է Սիփան Փաշինյանը: Նարեկ Կիրակոսյան ։ © factor.am