Ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Արթուր Դանիելյանին

«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, հայտնելով, որ իրեն մեղադրանք է առաջադրվել: «Ինձ մեղադրանք է առաջադրվել ԻՆՁ վրա հարձակման միջադեպի առթիվ: Միակ մեղադրյալը ես եմ …»,- գրել է նա:

Տեղեկությունն ArmDaily.am հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Սույն հոդվածի տվյալ կետով նախատեսված արարքը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև այս տարվա ապրիլի 29-ին տեղի ունեցած միջադեպի մասին է: Ալեն Սիմոնյանն ասում է, որ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, տեսել է Արթուր Դանիելյանին և նրա ղեկավարած միաբանության այլ անդամների։ Դանիելյանին բարևել է, ինչին ի պատասխան՝ Դանիելյանը հայհոյել է, որից հետո ինքը գլխով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին։ Միջադեպից հետո և՛ Դանիելյանը, և՛ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, սակայն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արթուր Դանիելյանը։