Ինչո՞ւ Նապոլեոն Բոնապարտն ամբողջ կյանքում պարտական մնաց հայերին և հայերից ո՞ւմ նա նվիրեց իր մարտական սուրը

Իսրայելի Յաֆֆա քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է դեռևս 1654թ․-ին Ֆրեդերիկ Առաջինի կողմից սուրբ Պետրոսի պատվին։ Եկեղեցին հայտնի է նրանով, որ հաճախ հյուրընկալում էր կորած նավաստիների, ովքեր հեշտությամբ ապաստան էին գտնում եկեղեցու պատերի ներսում, սակայն կա մի պատմություն, որը հայտնի է շատ քչերին, և որին էլ մենք առաջարկում ենք ծանոթանալ։

17-18-րդ դարերում ֆրանսիական Սուրբ Պետրոս եկեղեցու վանականները հիմնականում հայեր էին։ Հայերը հաճախ էին այստեղ հյուրընկալվում, ու առհասարակ, քաղաքը հայտնի էր իր հայ բնակչությամբ։ Այստեղ բավականին շատ էին հայ մեծահարուստները, ովքեր հաճախ քաղաքը լքելուց առաջ իրենց ունեցվածքը թողնում էին հենց Սուրբ Պետրոս եկեղեցուն՝ վստահեցնելով, որ Աստծուն տրված նվիրաբերությունն ավելի շատ կարող է նպատակին ծառայել։

Հենց այս նվիրաբերությունների շնորհիվ էր, որ եկեղեցին սկսեց ծաղկում ապրել, ու նրանում ավելի շատացան հայ վանականները։ Մի օր էլ եկեղեցու դռները թակեցին անսովոր հյուրեր։ 1799թ․-ին Նապոլեոն Բոնապարտն իր զինվորների հետ շարժվում էր Սիրիայի ուղղությամբ, երբ զինվորներից շատերն անսպասելիորեն վարակվեցին ժանտախտով։

Բոնապարտը չգիտեր այլևս ինչպես վարվել և Յաֆֆա քաղաքի կողքով անցնելիս նա որոշեց օգնություն խնդրել տեղի բնակիչներից վանականներից, ովքեր մեծամասամբ հայեր էին։ Հայերը ոչ միայն օգնեցին ու հյուրընկալեցին Բոնապարտին, այլ նաև փորձեցին բուժել զինվորներից շատերին։ Ասում են՝ այդ ժամանակ Յաֆֆայում բավականին մեծ թվով հայեր ուսումնասիրում էին հենց բժշկություն։

Նրանց բժշկական մեթոդների օգնությամբ զինվորներից շատերին հաջողվեց փրկել, իսկ նրանց, ում փրկել չհաջողվեց, Նապոլեոնը հրամայեց այրել ու թաղել, որպեսզի վարակի հնարավոր տարածումից կարողանան խուսափել։ Բոնապարտն այդ ընթացքում պատսպարվել էր Սուրբ Պետրոս եկեղեցու սենյակներից մեկում։ Բուժվելուց, հանգստանալուց ու խելքի գալուց հետո Բոնապարտն ու իր կազդուրված զինվորները լքեցին քաղաքը, սակայն աշխարհին հայտնի ապագա առաջնորդն ուղղակի չէր կարող գնալ առանց շնորհակալություն հայտնելու։

Նա հայ եկեղեցականներից գլխավորին նվիրեց իր մարտական սուրը, որը երբեք մի կողմ չէր դնում, ցույց տալով, թե որքան շնորհակալ է իրենց։ Այսպես՝ ամբողջ կյանքում Բոնապարտն իրեն պարտական էր զգում հայերի հանդեպ ու համարում, որ իր գոյատևման համար շնորհակալ է նաև նրանց։

Այս իրադարձության հետ կապված արվել է հետաքրքիր մի նկար, որը նկարվել է Անտուան-Ժան Գրոյի կողմից ու 1804թ․-ին նվիրվել Նապոլեոնին։ Նկարն այժմ գտնվում է Լուվրի թանգարանում, իսկ դրա կրկնօրինակը կախված է հենց Սուրբ Պետրոս եկեղեցում։ Ահա այսպիսի զարմանալի ու քչերին հայտնի պատմություն։

Աղբյուրը՝ ArmDay.am