Թեհրանի կտրուկ որոշումը. Ինչ կանեն Մոսկվան ու Անկարան

Lragir.am-ը գրում է. Էլիտար ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասիմ Սուլեյմանիի սպանությունից հետո Թեհրանը հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը Վաշինգտոնի համար ոչ շահեկան համարեց Թեհրանի ու Վեցյակի համաձայնագիրն ու դուրս եկավ դրանից, համաձայնագրի կողմ էին ԵՄ առաջատարներն ու Ռուսաստանը՝ Իրանի դիմաց…

Փաստորեն, Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը դե ֆակտո դուրս է գալիս հենց նրանց հետ պայմանագրից, թեեւ սպանությունն իրականացվել է ԱՄՆ նախագահի, ոչ թե ԵՄ կամ Ռուսաստանի հրամանով…

Արդյոք Թեհրանը համարում է, որ տեղի ունեցածի համար նրանք էլ պատասխանատու են, կարող էին ազդել Թրամփի որոշման վրա, կամ օրինակ հետախուզական տվյալ ունենալ այդպիսի որոշման մասին եւ հայտնել Իրանին…

Հետաքրքիր է, որ Բաղդադում իրանցի գեներալին հասցված մահացու հարվածից օրեր առաջ Ռոյթերզը տեղեկություն էր հրապարակել, որ ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Թրամփին ու շնորհակալություն հայտնել Սանկտ-Պետերբուրգում տոնական օրերին ծրագրվող ահաբեկությունը կանխելու գործում աջակցության համար…

Ամերիկացիներն օգնել էին կանխել եւ ձերբակալել հավանական ահաբեկիչներին: Այդ տեղեկությանն էլ նախորդել էր անվտանգության աշխատակցի օրը Լուբյանկայում տեղի ունեցած նշանային ահաբեկչական գործողությունը…

Պուտինի Թրամփին ուղղված զանգին ու շնորհակալության մասին տեղեկատվությանն էլ փաստորեն հաջորդեց Իրանին հասցված նշանային հարվածի մասին տեղեկությունը, որին անդրադարձել եմ Նշանային հարված Իրանին. սկսվե՞ց: Երեւանը զգուշացրել է Բաքվին հոդվածում…

Ռուսաստանն իհարկե պաշտոնապես դատապարտել է իրանցի գեներալի սպանությունը, այն որակելով նաեւ ցինիզմ: Սակայն, իրական քաղաքականությունը շատ հաճախ պաշտոնական հայտարարությունների ներքո է եւ այստեղ բնականաբար առնվազն առկա է հարց, թե այդ հարթությունում Մոսկվան ինչպե՞ս կվերաբերեր մերձավորարեւելյան խաղում Իրանի ազդեցիկ գործիչներից մեկի չեզոքացմանը, լինելով Մերձավոր Արեւելքում ներգրավված դերակատարներից մեկը…

Ընդ որում այն դեպքում, երբ ակնառու էր, որ Թեհրանը ռեգիոնալ ազդեցության համար պայքարում լուրջ մրցակից է նաեւ Մոսկվայի համար: Միեւնույն ժամանակ, արժե նաեւ արձանագրել, որ մերձավորարեւելյան գործընթացի առանցքային ձեւաչափերից մեկն այսպես ասած Աստանայի ձեւաչափն է՝ Մոսկվա, Թեհրան, Անկարա: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, դիմելով Էրդողանին, հայտարարել էր հակաամերիկյան միասնական ճակատի ձեւավորման մասին…

Հետաքրիր է, որ Մոսկվային այդպիսի դիմում կարծես թե չի եղել: Կլինի՞: Եվ ի՞նչ կանի Կրեմլը: Բանն այն է, որ Իրանին հասցված ամերիկյան հարվածը որքան ցավոտ է Թեհրանի համար, նույնքան էլ ստեղծել է իրավիճակ, երբ Իրանը կամա թե ակամա դառնում է մերձավորարեւելյան բարձրաձայնված հիմնական բեւեռ, եւ Վաշինգտոնն էլ այդ իմաստով փաստացի քաշում է յուրօրինակ գիծ: