ԷԴ 16 ՏԱՐԻ ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐՏԻ 1-Ի ՄԱՍԻՆ ՉԷԻՆ ԽՈՍՈՒՄ, ՀԻՇԵՑԻՆ, ԵՐԲ ԻՄ ՏՂԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԵՑԻ՞Ն

Կառավարության ՍԴ դատավորի թեկնածուի՝ ԵՊՀ իրավաբանականի դասախոս, դոցենտ Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ծանր են տարել արտախորհրդարանական որոշ շրջանակներ, մասնավորապես՝ ՀԱԿ-ը եւ իր իրավաբանական «աստղաբույլը»՝ Վահե Գրիգորյանի, Տիգրան Եգորյանի եւ այլոց գլխավորությամբ։

Մի քանի օր է՝ իսկական հիստերիա են բարձրացրել․ հայտարարություններ են տարածում, ստորագրահավաք կազմակերպում, «ստատուսներ» գրում, թե ինչպես կարող է 2008-2016թթ․ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին դառնալ Փաշինյանի իշխանության Սահմանադրական դատարանի դատավոր։

Նրանց թվում է, թե ՍԴ-ի «հարցն իրենք են լուծել», իրենք էլ պետք է դատավոր նշանակեն։ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների եւ զոհերի հարազատների անունից նրանք մի հայտարարություն տարածեցին, որտեղ իրենց վրդովմունքն են հայտնում Ավետիսյանի թեկնածության առիթով։ «Քննչական մարմինների եւ դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի եւ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման եւ մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով եւ ապա վերջնականապես հաստատվում վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը»։

Ինքը՝ Դավիթ Ավետիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Հա, գիտեմ, էդ հերյուրանքները կարդացել եմ, հիմա էլ անջատել եմ, որ ընդհանրապես չկարդամ։ Բայց ես, որպեսզի չազդեմ էդ գործընթացների վրա, հանդես կգամ ԱԺ որոշումից հետո»։

– Դուք ի՞նչ առնչություն եք ունեցել Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների ազատազրկման դատավճիռների հետ։

– Քրեական պալատը վճիռներ չի կայացնում, վճիռներ կայացնում է առաջին ատյանը, դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգում է վերաքննիչ ատյանը, իսկ վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման խնդիր է լուծում։ Դրա համար վճռաբեկ դատարանում ստացվում է տարեկան մոտ 3 հազար գործ, դրանցից ընտրվում է ընդամենը 50 գործ, եւ դրանցով կայացվում է նախադեպային որոշում։ Այդպիսի գործեր ընտրվել են նաեւ Մարտի 1-ի գործերից, էդ առումով էլ, ըստ էության, ինչ ասում են, դրանք հիմնազուրկ խոսակցություններ են եւ կապված են իմ տղայի առաջադրման հետ։

– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է պայմանավորված այս ընդվզումը։

– Ես չեմ ուզում էդ հարցերին պատասխանել, էդ ինչ որ ասում են, բոլորը հեքիաթների ժանրից են։ Պարզապես կապված է իմ տղայի առաջադրման հետ։ Էդ 16 տարի ինչո՞ւ դրա մասին չէին խոսում, էդ ե՞րբ հիշեցին, երբ որ իմ տղային առաջադրեցի՞ն։ Բա մինչեւ էդ ինչո՞ւ Ավետիսյանի մասին, Մարտի 1-ի հետ կապված Ավետիսյանի որեւէ գործառույթի մասին չէին խոսում։ Եվ հետո՝ Եվրոպական դատարանի որեւէ որոշում չես գտնի, որտեղ մատնանշում լինի վճռաբեկ դատարանի մասին։ Ընդհակառակը, Եվրոպական դատարանի՝ հենց նաեւ Մարտի 1-ի վերաբերյալ գործերը հենվել են վճռաբեկ դատարանի կողմից ձեւավորված իրավական դիրքորոշումների վրա։ Դրանք հիմք են հանդիսացել, որ Եվրադատարանը համապատասխան որոշումներ կայացնի։ Հիմա գլխիվայր խեղաթյուրում են ամեն ինչ, ես դա իրենց խղճին եմ թողնում։ Բայց խոստանում եմ, որ ԱԺ-ում ընտրությունից հետո ես դրան շատ մանրամասն կանդրադառնամ, եւ նրանք, ովքեր որ էդպիսի, կարելի է ասել՝ էպոսի ժանրին վերաբերող բաներ են ստեղծել, էպոսագետի անուն կարող են ձեռք բերել։

– Դուք գործող իշխանությունների հետ ի՞նչ հարաբերություն ունեք, ի՞նչ շփումներ։

– Բացարձակ որեւէ հարաբերություն չկա։ Արդեն 5-րդ տարին է մոտենում, որ թոշակի եմ անցել, զբաղվում եմ միայն գիտական եւ գրական գործունեությամբ, նույնիսկ իմ արձակը գրական մրցանակների է արժանացել, բանաստեղծությունների եւ արձակ ստեղծագործությունների հեղինակ եմ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ եմ։ Ես քաղաքականության հետ բացարձակ կապ չունեմ։

– Իսկ Ձեր որդին քննարկե՞լ է Ձեզ հետ իր առաջադրման հարցը, Դուք ողջունե՞լ եք նրա որոշումը։

– Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, էդ որ պատասխանեցի, կարող է մի քիչ խորանամ եւ հենց ազդեմ, էլի։

– Որովհետեւ ասում են՝ Վահե Գրիգորյանն ու մյուսներն ուզում էին իրենց «մարդուն» բերել ՍԴ, բայց նրանց պլանները ձախողվեցին՝ Նիկոլ Փաշինյանը Ձեր որդուն առաջադրեց։

– Ես էդ խոհանոցից բացարձակ գաղափար չունեմ, ես կիլոմետրերով հեռու եմ քաղաքականությունից։

– Ի՞նչ եք կարծում՝ ընտրվելու դեպքում Ձեր որդուն կհաջողվի՞ դառնալ լիարժեք անկախ եւ ապաքաղաքական դատավոր ՍԴ-ում։

– Իմ կարծիքով՝ իմ որդին բացարձակ անաչառ մարդ է, շատ բարձր որակի իրավաբան է, դա որպես հայր չէ, որ ես ասում եմ, դա կարող եք ուսանողներին հարցնել, դասախոսներին հարցնել, իրավական հանրության շրջանում հարցնել, եւ հենց իրավաբանական ֆակուլտետում նա հայտնի է նրանով, որ նրա մոտ հնարավոր չէ միջնորդություն անել որեւէ ուսանողի համար։ Ուղղակի ես չեմ ուզում մանրամասնել, որ մանրամասնեմ, էնպիսի տվյալներ կարող եմ ասել, որ կվկայի այն մասին, որ նա պարզապես բացարձակ անկախ, անաչառ մարդ է, եւ էն ազդեցությունների մասին, որ խոսում են, էդ հեքիաթ են պատմում։

– Մարդիկ կասկածում են, քանի որ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին ու մյուսներին հեռացրեց, որ իր «սրտի դատավորներով» համալրի Սահմանադրական դատարանը։

– Էդ արդեն քաղաքական հարց եք տալիս, ես արդեն Ձեզ ասացի, որ ես կիլոմետրերով հեռու եմ քաղաքականությունից եւ ես, որպես իրավաբան, ինձ երբեք թույլ չեմ տա որեւէ մեկի, որեւէ անձի մասին ինչ-որ բան ասել՝ ի տարբերություն շատ-շատերի։

Աղբյուրը՝ hraparak.am