Զեկույց վարչապետին. ԱԱԾ-ն հայտնաբերել է սատանային

Lragir.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունները, որ նա արել էր իր վերջին հարցազրույցում, հանրության շրջանում հասկանալիորեն դարձան լայն քննարկման առարկա…

Այդ բուռն քննարկումների պայմաններում հետաքրքիր է ԱԱԾ լռությունը, մասնավորապես այն առումով, որ Վանեցյանը հայտարարել էր Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորմամբ քաղաքական ուժերի առկայության մասին, այն էլ հեղափոխության ճամբարում…

ԱԱԾ-ն համաձա՞յն է իր նախկին պետի գնահատականի հետ: Եթե ոչ, ապա ինչու՞ է ուշանում հերքող հայտարարությունը, որ չկան արտերկրից ֆինանսավորվող ուժեր: Որովհետեւ լռությունը գործնականում դառնում, կամ ստացվում է համաձայնության նշան…

Իսկ հնարավո՞ր է ավելին՝ չբարձրաձայնված համաձայնությունը, ԱԱԾ եւ դրա նախկին պետի միջեւ, այսպես ասած «մասնագիտական սոլիդարության» սկզբունքով, երբ Արթուր Վանեցյանը պաշտոնը թողնելուց հետո բարձրաձայնում է բաներ, որոնք ԱԱԾ տեսանկյունից բավական դժվար է ասել պաշտոնապես…

Միաժամանակ, դրանք ոչ պաշտոնապես բարձրաձայնելու ամենատարբեր խողովակներից ամենաազդեցիկը կարող է լինել ԱԱԾ նախկին պետի կարգավիճակով դա անելը…

Վանեցյանի հայտարարությունից հետո եղան գնահատականներ, որ այդ հայտարարություններով պետք է հետաքրքրվեն իրավապահները, այդ թվում առաջին հերթին ԱԱԾ-ն: Եվ այդ գնահատականները միանգամայն համարժեք են իրավիճակին…

Մյուս կողմից, մի՞թե Արթուր Վանեցյանը կարող է լինել այդ աստիճան անլուրջ, անհիմն եւ զուտ ինտրիգային խաղարկումներ անելու համար…

Ըստ այդմ, կամ խոսքը անլրջության մասին է, կամ այդուհանդերձ որոշակի հիմնավոր իրողությունների, ինչը նշանակում է, որ դրանք առկա են նաեւ ԱԱԾ տրամադրության տակ եւ ըստ այդմ կառույցը չունի Արթուր Վանեցյանին հրավիրելու եւ լսելու հավելյալ անհրաժեշտություն…

Ու հենց ավելին՝ Արթուր Վանեցյանի միջոցով կառույցը գուցե հանրության համար կարող է լսելի դարձնել որոշակի ռիսկերի եւ մարտահրավերների մասին: Հարցն այն է, թե ու՞մ համար լսելի՝ քաղաքական ղեկավարությա՞ն, թե՞ հանրության…

Քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես վարչապետ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարարել է «փնտրել սատանային», որի մասին մի փուլում բավական ինտենսիվ խոսում էր նախկին իշխող համակարգի քարոզչությունը…

ԱԱԾ պետը հաստատեց հանձնարարականը, նշելով, թե կզեկուցեն: Արդյո՞ք Վանեցյանը բարձրաձայնում էր զեկույցի այսպես ասած հանրամատչելի մասը…