Երևանում 28-ամյա երիտասարդը գիշերը դանակով հետապնդել ու փողոցում սպանել է մորը

1in.am-ը գրել է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Նոր Նորք» նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ քննվել է Արման Ա.-ի գործը:

28-ամյա Արման Ա.-ն քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի կարգավիճակ ուներ, դատարանը քննում էր նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու գործը:

Արման Ա.-ի հայրը, որ գործով տուժողի կարգավիճակ ունի, հայտնել է, որ որդին բարձրագույն կրթություն ունի: Վերջին երկու տարվա ընթացքում են որդու մոտ նկատվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:

Վերջին շրջանում Արմանը անընդհատ գանգատվում էր իր նկատմամբ ուշադրության պակասից, իրեն լուրջ չվերաբերվելուց, երեխայի տեղ դնելուց, իրեն սխալ դաստիարակելուց: Արմանը որևէ հոգեբուժարանում հաշվառված չի եղել, մի քանի անգամ դիմել են հոգեբանների, սակայն՝ ապարդյուն:

Ըստ տուժած հոր՝ 2019 թվականի հուլիսի 18-ին Արմանը նույն հարցերով դարձյալ վիճաբանել է իր ու կնոջ հետ և հեռացել է իր սենյակ: Քիչ անց նա վերադարձել, խոհանոցից վերցրել է խոհանոցային դանակ ու մեծ եռաժանի պատառաքաղ և նորից հեռացել է իր սենյակ:

Ինքը, անհանգստանալով որդու առողջության համար, զանգել է շտապօգնություն և 911 ծառայություն: Գիշերվա ժամը 3-ն անց 5 րոպեին Արմանը կոկորդի հատվածում արյունահոսող վերքով, դանակը ձեռքին վերադարձել ու հայտարարել է՝ սա էի՞ք ուզում: Նա նստել է հյուրասենյակի բազմոցին: Այդ ժամանակ 911 ծառայությունից զանգել են իր հեռախոսահամարին, զանգին պատասխանել է Արմանը: Նա իրեն ու կնոջը մեղադրել է իրեն «դատի տալու մեջ»:

Հասկանալով, որ վտանգի մեջ են, ինքը կնոջը նշան է արել, որ փախչի սենյակից: Երբ կինը դուրս է փախել, Արմանը հետապնդել է նրան, փողոցում հասել, ձեռքի դանակով մի քանի անգամ հարվածել է մարմնի տարբեր մասերին: Ինքը միջամտել է՝ փորձելով օգնել կնոջը, այդ ժամանակ Արմանը դանակով մի քանի հարված էլ հասցրել է իր մարմնի տարբեր մասերին ու հեռացել է:

Իր օգնության կանչերից դուրս են եկել հարևանները, զանգել են շտապօգնություն: Իրեն ու անգիտակից վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Ստացած վնասվածքներից կինը մահացել է…

Անուշ Ն.-ն հայտնել է, որ 2019 թվականի հուլիսի 2-ին կամ 3-ին բակում լսել է Արմանի բղավոցը: Նա հայհոյում էր, սպառնում էր Եվրոպա մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք չբերելու դեպքում սպանել ծնողներին: Մի քանի օր անց՝ հուլիսի լույս 19-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, քնից արթնացել է վիճաբանության ձայներից և օգնության կանչերից: Անմիջապես դուրս է եկել փողոց, տեսել է հարևանությամբ բնակվող Գասպար Ա.-ին: Նա խնդրել է ոստիկանություն և շտապօգնություն զանգել, ասել է, թե որդին իրեն ու կնոջը դանակով հարվածել ու փախել է: Ինքը նկատել է, որ Գասպարի կրծքավանդակի շրջանում արյուն կա, իսկ քիչ հեռու գետնին ընկած էր նրա կինը՝ արյունով «թրջված»: Երբ Գասպարին ու կնոջը շտապօգնությունը տարել է, եկել են ոստիկաններն ու բռնել են Արմանին, նրա ձեռքին դանակ կար…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Գասպար Ա.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Անժելա Ք.-ի մահվան պատճառը տրավմատիկ հեմոռագիկ շոկն էր, որը պայմանավորված էր կրծքավանդակի աջ ու ձախ կեսերի առաջնային ու հետին մակերեսների ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող վնասվածքներով, որոնք ուղեկցվել են թոքի վնասումներով, ձախից՝ չորրորդ կողաճառի հատումով, ներքին օրգանների սակավարյունությամբ:

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության՝ 2019 թվականի օգոստոսի 14-ի եզրակացությամբ՝ Արման Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ, նա տառապել ու տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ» հիվանդությամբ, վտանգավոր է ինչպես ինքն իր, այնպես էլ շրջապատի համար…

Դեպքի վայրում՝ Նոր Արեշի տվյալ փողոցում եղել են տեսախցիկներ, որոնք տեսագրել են դեպքը:

Գիշերվա ժամը 3-ն անց 16 րոպեին բացվել է տվյալ տան մուտքի դուռը, դուրս է վազել տուժող կինը: Նա բացել է տան դիմացի ցանկապատի դուռը, դուրս է եկել փողոց: Նրա հետևից դուրս է վազել Արման Ա.-ն, ում հագին միայն վարտիք կար: Նրա ձեռքին երևում էր դանակ: Նա հետապնդել է մորը, հասել է նրան: Այդ ժամանակ փողոց է դուրս եկել Արմանի հայրը: Տուժող կինը պտտվել ու հետ-հետ է քայլել՝ դեպի իրենց տուն, նրան ընդառաջ է ելել Արմանը և աջ ձեռքում գտնվող դանակով հարվածել է մոր կրծքավանդակի ձախ հատվածին: Կինն ընկել է գետնին: Արմանը դանակի մի քանի հարված է հասցրել ընկած մորը: Հայրը մոտեցել, փորձել է խանգարել, այդ ժամանակ կինը ոտքի է կանգնել:

Արմանը մի քանի քայլ հեռացել ու նորից վերադարձել է: Նա ևս մեկ հարված է հասցրել մորը: Հայրը փորձել է թույլ չտալ, որ նա շարունակի հարվածներ հասցնելը: Արմանը հարձակվել է հոր վրա, դանակով մի քանի հարված է հասցրել նրան: Ընկած կինը նորից ոտքի է կանգնել, մոտեցել է ամուսնուն, Արմանը նորից դանակով հարձակվել է մոր վրա ու ևս մի քանի հարված է հասցրել: Կինը քայլել է դեպի իրենց տուն, Արմանը հետապնդել է հորը ու հարվածել է դանակով:

Այդ ընթացքում կինը մոտեցել է իրենց տան մոտի ծառին և ընկել է տան ցանկապատի մոտ: Ժամը 3-ն անց 18-ին դուրս են եկել հարևանները, իսկ 3-ն անց 24-ին ժամանել է շտապօգնությունը: Ժամը 3-ն անց 30-ին ժամանել են ոստիկանները: Ժամը 3-ն անց 37-ին Արմանը դանակը ձեռքին մոտեցել է իրենց տանը, մտել է տուն: Ժամը 3-ն անց 39-ին ոստիկանության աշխատողները տանից դուրս են բերել Արմանին, որը ձեռնաշղթայով էր, և բերման են ենթարկել…

Դատարանը անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Արման Ա.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից և պատժից:

Արման Ա.-ի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում՝ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցում:

Դատական ակտը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: