Երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն․ Վլադիմիր Գասպարյան

«Սասնա ծռերը», Սովետաշենի խումբը, 2018-ի դեպքերը Սորոսի շղթայի տարբեր օղակներն են, որոնք միմյանցից գուցե տեղյակ էլ չեն, բայց կառավարվում են մեկ տեղից։ Այս մասին 168.am-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «PRESSING» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Սորոսը Հայաստանում շատ ՀԿ-ներ ունի, եթե մենք նայենք նրանց ծրագրերը, կասենք՝ ինչ լավ ծրագրեր է անում Սորոս պապիկը, բնապահպանություն եւ այլն։ Դրանցում ընդգրկված մարդիկ նույնիսկ կարող են երդվել, թե պետության դեմ ոչինչ չեն անում, եւ այնպիսի վարքագիծ դրսեւորեն, որ դու էլ հավատաս իրենց, բայց մի 10 կազմակերպություն այդպես է, իսկ 60-ը՝ կազմակերպություններ, խմբավորումներ, ցանց, ռեզիդենտներ․․․ Ազգային անվտանգությունը թող խոսի այդ մասին։ Կան նաեւ մարտական մաս, քաղաքական մաս։ Դուք շատ շուտով դա տեսնելու եք։ Գլոբալիստները, սորոսականներն ունեն անձնական շահ, որը քանդում է պետություններ։ Եթե տեսնում եք այս պրոցեսները եւ կարծում եք, թե այս կետում կանգնելու է, սխալվում եք, երբ այս իշխանությունները ինքնուրույնություն հանդես բերեն, նրանց դեմ քայլեր կձեռնարկեն։ Եթե այսօրվա ղեկավարը չազատվի այդ ազդեցությունից․․․ Կապրենք, կտեսնենք։  2018-ին մենք իրավիճակին տիրապետում էինք, բայց որոշ բաներ այս իմ ասածներից, հետո ենք ճշտել», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Նախորդ իշխանություններից դժգոհությունը, նախկին ոստիկանապետի խոսքով, ունի եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ հիմքեր։

«Մեր ժողովուրդը սիրում է սովորույթներ, սիրում է նաեւ դեմքերի փոփոխություն։ Հոգնում   է նույն դեմքերից, ինչպես նույն մեքենայից, ուզում է շուտ-շուտ փոխել։ Սխալներից մեկն այն էր, որ իշխանության երիտասարդացման պրոցեսը չարագացավ։ Պետք էր փոխել հին կադրերին։ Սկսած ինձանից», նշել է Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանապետերի հաճախակի փոփոխության մասին հարցին ի պատասխան, նախկին ոստիկանապետն ասել է, որ այդ հարցի հասցեատերը նշանակողն ու նշանակվողներն են, բայց ոստկանությունը չի կարող ներքաշվել քաղաքական պատվերների մեջ, երբ այդպիսի հրահանգներ է կատարում, շատ է թուլանում եւ դառնում խոցելի։

«Մենք արտադրում ենք մարդասիրություն, կարգապահություն, օրենքի կատարում, խաղաղություն, այլ ոչ թե այդ կարգը մեկի համար գործում է, մյուսի համար՝ ոչ։ Մեր ազատությունը նրա մեջ չի, որ կարող ես սեռդ փոխել, այլ, որ սպանված չլինես, երկիրդ գրավված չլինի։ Տղամարդը՝ տղամարդու հետ լինի, կինը՝ կնոջ․․․ կամ դպրոց մտցնես այն, ինչը նույնիսկ զզվելի է ասել։ Առաջ էլ կային այդպիսի երեւույթներ, բայց բարձրաստիճան պաշտոնյաները չէին վերցնում նրանց իրենց հովանու ներքո։ Հիմա՞ չկա կոռուպցիա, 15 րոպեում 15 հոգու կարող եմ ձեր առջեւ դնել։ Սովորաբար, ինչը ցանկանում ես քողարկել, դնում ես ամենաերեւացող տեղում կամ անընդհատ երդվում ես, որ ազնիվ ու անկաշառ ես։ Եթե երդումներդ ու խոսումներդ արդյունք չեն տալիս, ուրեմն դու դրա մեջ ես։ Մենք էլ ենք բռնել, նույնիսկ պառկեցրել, բայց ցուցադրական չենք արել, ղեկավարը նրա համար է, որ ասի՝ ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը, այս կամ այն հանցագործությունների դեմ պայքարում ավելի ակտիվ աշխատեք։ Բայց ցուցադրական բռնել եւ 15 րոպե հետո բաց թողնել․․․ Սա պետություն է, ի վերջո», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Աղբյուրը՝ ArmDay.am