Ես ուզում եմ մնալ այս երկրում․ Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որում հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները. (Տեսանյութ)

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պաշտոնական Բաքուն կրկին կոպտորեն խախտում է միջազգային այն նորմերը, սահմանված կարգերը, որոնք վերաբերվում են գերիներին և ռազմագերիներին։
Ադրբեջանի իշխանությունը տեսանյութ է տարածել, որտեղ հայ սպան պատմում է գերի ընկնելու պատճառները։

Ակնհայտ է, որ հայերեն տեքստը, որը կարդում է Գուրգեն Ալավերդյանը, գրված չէ սպայի կողմից, և չի արտահայտում նրա դիրքորոշումը։ Չեմ ցանկանում դետալների մեջ խորանալ, որպեսզի ակամայից չվնասեմ նրա անվտանգությունը։

Գերիին, ռազմագերիին մեղադրանք առաջադրելուց հետո, նկարահանել և այն տարածելը ևս դիտարկվում է իրավունքի կոպիտ խախտում։ Գուրգեն Ալավերդյանը հենց տեսանյութում էլ ակնհայտ ենթարկվում է հոգեբանական ճնշման, քանի որ, լինելով հայակական բանակի սպա, նստեցրել են Ադրբեջանի պետական դրոշի կողքին։ Իրավունքների խախտման բազմաթիվ դրվագներով այս տեսանյութը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բացակայությունը։

Հ․Գ․ Խնդրում եմ , կարդացվող տեքստի շարահյուսության հետ կապված ոչ մի մեկնաբանություն չթողնել, որպեսզի ակամայից չվնասենք մեր սպային»։

Տեսանյութը դիտեք ստորև.

 

Աղբյուրը՝ freenews.am