Դուք ի՞նչ հայ եք. Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ իշխանությանը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին:

«Ես դիմում եմ Հայաստանի իշխանություններին։ Հենց իշխանությանը, այլ ոչ թե ժողովրդին, որի մասն եմ ես։ Ես դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր առցանց զորքերը գրոհել են իմ սոցիալական ցանցը՝ պահանջելով (կոպիտ և ագրեսիվ ձևով) արտահայտել դիրքորոշումս»,- գրել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝  պահանջներին ի պատասխան որոշել է արտահայտել իր դիրքորոշումը։

«Կողքից նայեք ինքներդ ձեզ։ Նայեք, թե ինչ եք անում և ինչպես եք վարվում։ Ի՞նչ հայ եք դուք»,- գրել է Սիմոնյանը։

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագրի խոսքով՝ ի պատասխան Ռուսաստանից տարիներ շարունակ ստացած բարությանն ու հովանավորությանը՝ ՀՀ իշխանություները չեն ճանաչել Ղրիմը, որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։

«Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ դուք բանտարկել եք Ռուսաստանի անսասան դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։ Բանտարկեցիք միտումնավոր, ցուցադրաբար՝ թքելով ուղիղ իր «ռուս ընկերների» դեմքին։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ Դուք երկիրը ողողել եք հակառուսական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի հենակետը։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են»,- գրել է Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը շարունակաբար վատաբանում են Ռուսաստանին, Պուտինին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են Պուտինին՝ հատկապես ռուսահայերին, այդ թվում՝ իրեն։

«Դուք բաժանեցիք դժբախտ, արդեն անհետացող հայ ժողովրդին թշնամիների՝ ռուսահայերի և «ներկաների» միջև։ Որովհետև դրանք Հայաստանի ներքին գործերն են։ Իսկ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր վարչակարգի գոյությունը վտանգված է, երբ աշխարհասփյուռ հայերն արդեն տեսնում են մեր նախնիներին կոտորած ծուռ դանակներով ենիչերի ուրվականներին, դուք հիշում եք, որ Ռուսաստանը կրկին պետք է ձեզ փրկի։ Արդյոք դա Հայաստանի ներքին գործերը չի՞: Ամբողջ չարությունից եւ շնչահեղձ անող արհամարհանքից հետո, որոնք վերջին տարիներին դուք դրսեւորել եք Ռուսաստանի հանդեպ, ձեր տեղեկատվական զորքերը եւ անձամբ դուք ձեզ իրավունք եք վերապահում օգնությո՞ւն սպասել:

Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու:

Բայց նա այդպես չի վարվի: Ես վստահ եմ: Կօգնի նաեւ այս անգամ:

Որովհետեւ Ռուսաստանն այդպիսին է: Մեծահոգի եւ վեհանձն, իմ Հայրենիքը, թանկագինը:

Իսկ դուք ուղղակի աղաղակող պոլիտիկանների կույտ եք, որոնք մեծ հայ ժողովրդի շահերը դավաճանել են հանուն իշխանության րոպեի եւ մանրախնդիր անձնական վրեժխնդրության:

Գիշերը Նարեկացի կարդացեք: Գուցե ձեր մեջ արթնանան հռչակավոր հայ խղճմտանքի փշուրները եւ բարին գնահատելու ունակությունը:

Եթե Նարեկացի չունեք, ապա ես կփոխանցեմ: Ինձ մոտ պահարանիկի վրա է դրված:

Իսկ պատերազմի առիթով ես երկու կողմերին կասեմ միայն մեկ բան՝ կանգ առե՛ք: Պատերազմից վատթար ոչինչ չկա: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել: Պարզապես կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

Աղբյուրը՝ ArmDaily.am