Դանակը հասավ ոսկորին. Հրայր Թովմասյանի որոշումը

Lragir.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու արդեն հայտնի գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին…

Այդ գործով, ինչպես հայտնի է, արդեն իսկ կալանավորված է ԱԺ աշխատակազմի նախագահի տեղակալ Արսեն Բաբայանը: Արա Բաբլոյանի առումով ՀՔԾ-ն խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը…

«Դանակը» աստիճանաբար ավելի է մոտենում «ոսկորին», տվյալ դեպքում Հրայր Թովմասյանին, որի շուրջ օղակն ակնհայտորեն սեղմվում է…

Իսկ Թովմասյանը պարբերաբար հավաստիացնում է, որ ինքը պինդ «ոսկոր» է, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ օրեր առաջ գրել էր եւ զգուշացրել վարչապետ Փաշինյանին, թե Հրայր Թովմասյանը «կմնա կոկորդին»…

Կկալանավորվի՞ Արա Բաբլոյանը հաջորդ քայլով, եթե Հրայր Թովմասյանը այս անգամ էլ չհանձնվի: Ակնառու է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թովմասյանի համար հանձնվելն ավելի ու ավելի անարժանապատիվ հեռանկար է խոստանում…

Մյուս կողմից, չհաղթելն էլ բավականին հակասական ազդեցություն է ունենալու քաղաքական իշխանության համար…

Տեղի ունեցողը տեսարա՞ն է, որով հանրությունը զբաղեցվում է, թե՞ ճակատագրական դիմակայություն, որից կախված է պետության ապագան: Ստացվում է, ապագայի խոչընդոտը Սերժ Սարգսյանը՞ չէր…

Իսկ գուցե պետք էր նրանից առաջ մերժել Հրայր Թովմասյանի՞ն, քանի հեղափոխությունը այսպես ասած թարմ էր: Որովհետեւ Սերժ Սարգսյանին մերժելը կարծես թե ավելի արագ եւ դյուրին ստացվեց, քան Հրայր Թովմասյանի հարցը…

Թե՞ այդուհանդերձ հեղափոխությունը Հրայր Թովմասյանի վրա փորձում է փոխհատուցել թարմության կորուստը, կամ կորստի հնարավոր ռիսկը…

Իսկ գուցե ինչ որ մարդիկ Թովմասյանի վրա են ուղղել հեղափոխության էներգիան՝ այն մսխելու եւ ուժասպառ անելու անվրեպ հաշվարկո՞վ, օգտագործելով ինչ ինչ թե քաղաքական, թե մարդկային-զգայական հանգամանքներ…

Հայաստանում շատերն են իհարկե բավական խուսանավում տեսալական բառից, սակայն թույլ տալով փոքր ինչ բառախաղ՝ հեղափոխությունը Հայաստանում կարծես թե հայտնվել է տեսարանի եւ տեսլականի արանքում, կամ՝ «տեսարան, թե տեսլական» դիլեմայի առաջ…

Որովհետեւ հանրային միտքը զբաղեցրել են տեսարանները, մինչդեռ պետական ու հանրային կարիքը տեսլականն է…

Ասել, թե այն չի մատուցվում, դարձյալ սխալ կլինի: Մատուցվում է, սակայն այդուհանդերձ, մատուցվող տեսլականն ու մատուցվող տեսարանները բացարձակապես համադրելի չեն…

Իսկ այդ ընթացքում լրացավ հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցը…