«Գրիշան մահացավ, քանի որ ցանկանում էր, որ աշխարհը իմանա, թե ինչ ապրումներ ունի իր ժողովուրդը». Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրող

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորված ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրող Ալան Կավալը ներկայացրել է իր հետ կատարվածը և շնորհակալություն հայտնել իր կյանքը փրկած անձանց: Ալան Կավալը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հոկտեմբերի 1-ին իր գործընկեր լրագրող Հերմինե Վիրաբյանի, ֆոտոլրագրող Ռաֆայել Յագոբզադեի հետ շփման գծից ոչ հեռու գտնվող Մարտունի քաղաքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել քաղաքը:

«Կեսօր էր, եւ բնակելի փողոցում քայլելիս մենք լսեցինք ադրբեջանական դիրքերից մեզ վրա արձակված «Գրադ»-ի արկերի ձայնը: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, և կրակի ու մետաղի անձրև էր գալիս մեզ վրա: Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, ով մեզ ցույց էր տալիս նախորդ հարձակումների վայրերը, տեղում մահացել է: Նա 28 տարեկան էր: Ես ամեն օր մտածում եմ նրա և նրա ընտանիքի մասին: Գրիշան մահացել է, քանի որ ցանկացել է, որ աշխարհը իմանա, թե ինչ ապրումներ ունի իր ժողովուրդը: Թող նա խաղաղությամբ հանգչի այդ հարվածի ժամանակ զոհված երեք այլ քաղաքացիական անձանց հետ»,- գրել է Կավալին:

Լրագրողը գրել է, որ վարորդը՝ Արմեն Սայյանը, թեթև վիրավորվել է, բայց դեռ գլխացավեր ունի:

«Իմ գործընկեր Հերմինեն, ում ես շատ եմ գնահատում, բարեբախտաբար, մնաց անվնաս: Իմ ընկերն ու գործընկեր Ռաֆայելը վիրավորվել էր գլխի եւ ոտքի շրջանում: Եթե ճիշտ եմ հասկացել, իմ մարմնի տարբեր հատվածներում տասնյակ բեկորներ էին հայտնվել։ Բեկորների մի մասը խոցեցին իմ որովայնը: Հիմա ես վերականգնվում եմ քայլ առ քայլ, օրեցօր, սակայն ես չէի կարող գրել այս խոսքերը, եթե չլինեին այն մարդիկ, որոնք փրկեցին ինձ Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում: Նրանց մի մասը հայտնի են, մի մասը իմ ընկերներն են, մի մասին ես երբեք չեմ ճանաչել: Նրանց մեջ կան մարտունեցիներ, որոնք վճռորոշ դեր են խաղացել առաջին րոպեներին. նրանք ձգտել են մեզ անվտանգ տեղ հասցնել․․․

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ գործընկեր լրագրողներին, ովքեր ինձ վերցրին այնտեղից և տեղափոխեցին քաղաքի բժշկական կենտրոն: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ մյուս գործընկերներին, ովքեր այնտեղ էին եւ Փարիզին տեղեկացրին ստեղծված իրավիճակի մասին, հատկապես շնորհակալ եմ Հերմինեին և Ռեջիս Գենտեին: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունիի բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց քաղաքի վրա հարձակման պահին ժամանակ են գտել փրկել երկու օտարերկրացու: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Մարտունիից ինձ ոլորապտույտ ճանապարհներով սլացող հին շտապօգնության մեքենայով Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխած մարդկանց: Ես գիտեմ, թե որքան շատ բան են արել Ստեփանակերտի հիվանդանոցի աշխատակիցներն ինձ փրկելու համար: Ես դեռ չեմ հասցրել իմանալ բոլոր նրանց անունները, բայց ես խորապես երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես նաեւ խորապես երախտապարտ եմ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ֆրանսիայի իշխանություններին, որոնք ուղղաթիռով ապահովեցին մեր տեղափոխումը Երեւան: Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ով հրապարակավ խոսել է մեր գործի մասին և անհնարինը արել մեզ դուրս բերելու համար, և առանց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի»,- գրել է Կավալը: