Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ԱԱԾ

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:

Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ:

Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։