Գլխավոր դատախազի հայրը 20.000 դոլարով LEXUS է գնել, իսկ եկամուտը ավելացել՝ 16 մլն դրամով

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի եկամուտները նախորդ տարվա ընթացքում էականորեն չեն փոխվել, փոխարենը արժեքավոր գույք է ձեռքբերել գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝  2019թ. ընթացքում գլխավոր դատախազի հայրը 20.000 դոլարով գնել է 2014թ. արժողությամբ LEXUS մակնիշի ավտոմեքենա։

2019թ. Արթուր Դավթյանը հայտարարագրել է երկու բնակելի տուն և երկու հողամաս։ Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակելի տան ½–ի սեփականատերը, որը նա 2017թ. ձեռք է բերել 40 մլն դրամով։ Նա միաժամանակ հանդիսանում է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ երկու հողամասի և մեկ բնակելի տան համատեղ սեփականատերը։

Տարեսկզբին գլխավոր դատախազի բանկային հաշվին եղել 6 մլն 629 հազար դրամ գումար, որն արդեն տարեվերջին դարձել է 5 մլն 812 հազար դրամ։ Իսկ գլխավոր դատախազի կանխիկ գումարը տարեսկզբին եղել է 1 մլն 370 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 5 մլն 800 հազար դրամ:

Իսկ ինչ վերաբերում է ստացած եկամուտներին, ապա 16 մլն դրամ նա վաստակել է գլխավոր դատախազ աշխատելու արդյունքում, 43 հազար դրամ, Երևանի Պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և 2 մլն դրամից ավելի գումար Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ–ից ստացված գումարը վերաբերում է  հիփոթեքային վարկի սպասարկման համար վերադարձվող եկամտային հարկին։ Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ,  որից «մաքուր» աշխատավարձը՝ շուրջ 700.000 դրամ։  Հայտարարագրից հետևում է, որ գլխավոր դատախազը մեկ տարվա ընթացքում ստացել է շուրջ 7 մլն 700 հազար դրամ (16.000 ԱՄՆ դոլար) պարգևավճար և հավելավճար, այսինքն՝ ամեն ամիս, գրեթե իր աշխատավարձի չափով պարգևատրվել է (միջինում՝ 640.000 դրամ)։

Գլխավոր դատախազի կինը՝ Անի Դավթյանը, ունի համատեղ սեփականության հինգ հողամաս՝  Հոռոմում: Նրա բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 96 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ:  Երևանի պետական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն նա ստացել է 754 հազար դրամ:

Գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, ով նույնպես բաժնեմաս ունի Աջափնյակում գտնվող տնից, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է  Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող երեք հողամաս և մեկ բնակելի տուն։

Սարգիս Դավթյանը հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է մեկ բեռնատար և երկու մարդատար տրանսպորտային միջոց՝ ZIL, GAZ, HYUNDAI մակնիշների։ 2019թ. ընթացքում գլխավոր դատախազի հայրը 10 մլն դրամով (20.000 դոլար) ձեռք է բերել 2014թ. արժողությամբ LEXUS մակնիշի ավտոմեքենա։

Սարգիս Դավթյանը տարեսկզբին ունեցել է կանխիկ՝ 3 մլն 800 հազար դրամ, անկանխիկ՝ 1  մլն դրամ, իսկ տարվա վերջում կանխիկ գումարը կազմել է 800 հազար դրամ, իսկ բանկային հաշվինը՝ 530 հազար դրամ։

Մեկ տարվա ընթացքում Սարգիս Դավթյանը վաստակել է 8 մլն 122 հազար դրամ գումար, որից՝ 4 մլն 922 հազարը «Այբիէմթի լոգիստիկ» ՍՊԸ–ում աշխատելու դիմաց, իսկ 3 մլն 200 հազար դրամ նա վաստակել է է շուկայից. ենթադրվում է գյուղմթերքի վաճառքից է գոյացել գումարը։ Ի դեպ՝ «Այբիէմթի լոգիստիկ» անվանումով ՍՊԸ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գոյություն չունի։

Աղբյուրը՝ ArmDay.am