Գեորգի Կուտոյան. 5 հարց ու պատասխան․ Հետաքրքիր մանրամասներ

Mediamax.am-ը գրել է․

2020թ. հունվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ հայտնաբերվել է Ազգաին անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ներկայացնում ենք մի քանի փաստ Գեորգի Կուտոյանի մասին:

1. Ե՞րբ է Գեորգի Կուտոյանը ղեկավարել ԱԱԾ-ն:

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու եւ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակելու մասին:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Գորիկ Հակոբյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին եւ նրան ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին:

2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

2. Որտե՞ղ էր սովորել եւ աշխատել Գեորգի Կուտոյանը նախքան ԱԱԾ տնօրեն նշանակվելը:

Գեորգի Կուտոյանը ծնվել էր 1981թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել էր ՌԴ Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005թ. ավարտել էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:

2007թ. ավարտել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002-2010 թթ. դասավանդել էր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006 թթ. աշխատել էր ՀՀ գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

2006-2007 թթ. աշխատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել էր փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016 թթ. զբաղեցրել էր ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը:

3. Ի՞նչ պայմանավորվածության էր հասել Գեորգի Կուտոյանը «Սասնա ծռերի» անդամների հետ:

2016թ. հուլիսի 22-ին Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ՊՊԾ գունդը գրաված

«Սասնա ծռերի» անդամները հանդիպել էին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ: Հանդիպմանը որոշում էր կայացվել ազատ արձակել պատանդ պահվող բարձրաստիճան ոստիկաններ Վալերի Օսիպյանին ու Վարդան Եղիազարյանին՝ պայմանով, որ ՊՊԾ գնդում ստեղծվելու է մամուլի կետ:

4. Ինչո՞վ էր զբաղվում Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո:

Այդ մասին տեղեկություններ չունենք: Վերջին անգամ տեսախցիկների առջեւ Գեորգի Կուտոյանը եղել էր 2018 թվականի մայիսի 11-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ներկայացնում էր Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին:

5. Ի՞նչ էր ասել Փաշինյանը Կուտոյանի աշխատանքի մասին:

2018 թվականի մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ «ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար»: