Գագիկ Ծառուկյանի բացահայտող սենսացիոն նոր հայտարարությունը

1in.am-ը գրել է․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ արդեն բավականին հայտնի դարձած in.am-հայտարարությունը պարզորոշ վկայեց այն, ինչի մասին խոսել ենք բազմիցս՝ Հայաստանի ներքաղաքական բուռն շրջանի մեկնարկից ի վեր: Խոսքն այն մասին է, որ այդ շրջանը պայմանավորված է գերազանցապես արտաքին մոտիվներով, արտաքին ազդակներով, ինչում վկայակոչել էինք ՌԴ արտգործնախարար Լավրովի ապրիլի 21-ի հայտարարությունը: ԲՀԿ նախագահի հուլիսի 2-ի հայտարարությունը խոսում է այն մասին, որ գործ ունենք թերևս ոչ թե լոկ ազդակի հետ, որից եզրահանգումներ են արել հայաստանյան քաղաքական դաշտի դերակատարների մի մասն ու ձեռնամուխ եղել կառավարող մեծամասնության դեմ պայքարի ավելի աշխույժ գործողությունների, այլ թերևս անմիջական հաղորդակցության վրա հիմնված գործընթացի:

Այդ ամենը զարմանալի չէ, և ոչ այն պատճառով, որ Հայաստանում դարձյալ եղել է կամ եղել է միշտ: Զարմանալի չէ, որովհետև Հայաստանում գոյություն ունեցած մոտ երեք տասնամյակի կառավարման հայտնի համակարգը չէր կարող հովանավորվել, այսպես ասած, իրավիճակի բերումով, իրավիճակի թելադրանքով, այնքանով, որքանով կար․․․

Ըստ էության դառնալով այդ համակարգի թե՛ ներհայաստանյան, թե՛ աշխարհաքաղաքական հովանին՝ Ռուսաստանի կառավարող համակարգը լուծել է ռազմավարական խնդիրներ: Այլապես հայաստանյան համակարգը Ռուսաստանի համար չափազանց մանր խնդիր էր, որպեսզի Մոսկվան հոգ տաներ այդ համակարգի պահպանության մասին, առավել ևս՝ Հայաստանի հանրության մեջ անվստահության ռիսկով հանդերձ:

Ըստ այդմ՝ միանգամայն սպասելի և տրամաբանական է այն, որ 2018-ի ապրիլին հաղթահարելով Հայաստանի ներքին համակարգը՝ մի քանի շաբաթում, Հայաստանը պետք է կանգներ արդեն առավել լայն ռազմավարական մարտահրավերը հաղթահարելու խնդրի առաջ: Այն է՝ մենք պետք է կանգնեինք Ռուսաստանի ռազմավարական նպատակների հանդիման: Իսկ դա հաղթահարելու համար ոչ միայն մի քանի շաբաթ կամ ամիսը, անգամ տարին կարող է լինել անբավարար:

Ավելին՝ ինչպես, օրինակ, կորոնավիրուսի հետ ապրել սովորելու խնդիրն է, այս դեպքում թերևս մենք պետք է սովորենք ապրել ու զարգանալ՝ ապրելով Ռուսաստանի ռազմավարական նպատակադրումների հետ հակադրության պայմաններում: Զուգահեռ պետք է անընդհատ աշխատել դրանք հաղթահարելու, չեզոքացնելու և ըստ այդմ՝ նաև Ռուսաստանին Հայաստանի ռազմավարական շահի և անվտանգային խնդիրների, ինքնիշխան Հայաստանի հետ ապրել վարժեցնելու ուղղությամբ․․․

Դա Հայաստանի առանցքային հարցերից մեկն է, որից հնարավոր չէ խուսափել, քանի որ Ռուսաստանի համար մեծ հաշվով չունի նշանակություն՝ Հայաստանում ժողովրդավարական, թե ոչ ժողովրդավարական համակարգ է: Որովհետև Մոսկվան Հայաստանից ունի մեկ ռազմավարական պահանջ և տրամաբանություն: Ըստ այդմ՝ խնդիրը դա փոխելն է:

Իհարկե, այդ խնդրի լուծման արդյունավետ ճանապարհներից և գրավականներից մեկը Հայաստանի քաղաքական դաշտն ու դասը փոխելն է, և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եկավ ընդամենը այդ հանգամանքը ևս մեկ անգամ ընդգծելու: