Բաց նամակ վարչապետին․ Հայաստան հրավիրեք սենատորներին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի համահեղինակ և գլխավոր ներկայացնող Ռոբերտ (Բոբ) Մենենդեսը չի կարողացել թաքցնել հուզմունքը ելույթի ժամանակ․․․

Նա կիսատ է թողել խոսքը՝ հուզմունքից դժվարանալով այն շարունակել, ապա՝ գրեթե արտասվել․․․

Նշենք, որ Մենենդեսը բանաձևի մյուս համահեղինակի՝ Թեդ Քրուզի հետ միասին ջանք չխնայեց՝ այն Սենատի կողմից ընդունելու համար․․․

Նա բանաձեւը կրկին սենատ էր բերել՝ չնայած նախորդ 3 անգամը վետո կիրառվելու հանգամանքին՝ նշելով, որ պատրաստ է բանաձևը Սենատին ներկայացնել ամեն շաբաթ՝ մինչև որ ամբողջապես կընդունվի․․․

Մենենդեսն իր ամեն ելույթում նշում էր, որ պետք է դատապարտվի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, իսկ պատմական ճշմարտությունը՝ ճանաչվի պաշտոնապես․․․

Հարգելի, պարոն․ Փաշինյան, դիմում ենք Ձեզ կոչ-խնդրանքով, որ հնարավորության դեպքում անպայման Հայաստան հրավիրեք այդ երկու սենատորներին՝ մեզ հետ նշելու Ամանորը․․․

Նրանք, բազմիցս են ապացուցել, որ անտարբեր չեն հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներով, և իրենց գործունեությամբ ապացուցել են՝ մեր ժողովրդի հանդեպ իրենց նվիրվածությունը․․․

Վստահ ենք, որ Ձեր խոսքը, հրավերը մեծ գոհունակություն կպարգևի նրանց ու էլ ավելի կջերմացնի ԱՄՆ Սենատի պալատի այդ երկու հզոր սենատորների և Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության կապը, ինչն էլ իր հերթին նոր որակ, ջանք ու եռանդ կհաղորդի նրանց աշխատանքին։