Արթուր Վանեցյանի վտանգավոր խաղը. Ինչ է ուզում անել ԱԱԾ նախկին տնօրենը

Lragir.am-ը գրում է.

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Պրեսինգ հաղորդաշարի եթերում լսելով իրեն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը վտանգվա՞ծ է, կամ Արցախի բանակցային փուլը վտանգվա՞ծ է հարցերը, արձագանքել է` «չեմ պատասխանի»…

Վանեցյանը հայտարարել է, թե լռելը համարում է սխալ, բայց կխոսի, երբ կգա ժամանակը: Նա ասել է, որ ժամանակը կգա, սակայն չի ասել, թե երբ, ու նաեւ չի ասել, թե ինչ կարգավիճակում կխոսի՝ քաղաքական գործչի՞, թե այլ կարգավիճակում…

Բայց, եթե Արթուր Վանեցյանը կարծում է, թե այժմ չի խոսում, թերեւս սխալվում է: Որովհետեւ երբ ԱԱԾ նախկին պետը ազգային անվտանգության սպառնալիքի մասին հարցին արձագանքում է՝ «չեմ պատասխանի», կամ նույնը Արցախի հարցում, դա չափազանց խոսուն է, ընդ որում վտանգավոր խոսուն…

Դա լռություն չէ, եւ Արթուր Վանեցյանը կամ պետք է խոսի ավելի պարզ, հստակ, փաստերով ու առարկայական, կամ լռի ընդհանրապես…

Որովհետեւ «խոսուն լռության» խորհրդավոր խաղով նա ինքը պետության համար դառնում է բավական վտանգավոր…

Եթե ԱԱԾ նախկին պետը ազգային անվտանգության մասին հարցին պատասխանում է՝ «չեմ պատասխանի», ապա դա նշանակում է, որ նա անուղղակի, սակայն խիստ թափանցիկ տողատակում նշում է, որ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է…

Այլապես, ԱԱԾ նախկին պետը պետք է խոսի ավելի հստակ՝ ազգային անվտանգությունն ապահովված է, իսկ եթե ոչ, ապա նա պետք է հայտարարի վտանգների մասին շատ ավելի կոնկրետ, կամ ուղղակի իրազեկում ներկայացնի իրավապահ մարմիններին…

Իսկ Արթուր Վանեցյանը խաղում է, կամ որեւէ մեկը խաղում է Արթուր Վանեցյանով: Եվ այդ խաղը իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ է, որի հետ Վանեցյանը գուցե ունի հարցեր, այլ պետության դեմ…

Երբ ԱԱԾ նախկին պետն օրինակ հայտարարում է, որ կան արտաքին ֆինանսավորում ունեցող քաղաքական ուժեր, նա պետք է հայտարարի այդ ուժերի անունները: Նախ, Վանեցյանը փաստացի հաստատում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում քաղաքական գործիչ գործակալների մասին…

Միաժամանակ, նա իհարկե նշում է, որ այդ ուժերը, որոնք ֆինանսավորվում են դրսից, հեղափոխական տիրույթում են, ոչ թե հակահեղափոխական…

Որո՞նք են այդ ուժերը: Քանի դեռ Արթուր Վանեցյանը հանրությանը չի ներկայացնում հստակ փաստեր, գործնականում նրա այդ կեցվածքը պակաս վտանգավոր եւ քայքայիչ չէ, քան որեւէ գործակալական ուժի գործունեությունը…

Այլ հարց է իհարկե, որ Արթուր Վանեցյանը գործնականում կարող է չունենալ ասելիք, եւ վտանգների մասին խորհրդավոր մտքերի գեներացիան ընդամենը քաղաքական գործունեության հող նախապատրաստելու առաջին քայլերի շարքում է…

Իսկ Վանեցյանը գործնականում ազդարարեց, որ պատրաստվում է մասնակցել քաղաքականությանը…