Աջափնյակում նոր շենք կկառուցվի. Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներն այնտեղ բնակարաններ կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում հավանության տվեց «Նոբբի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեի հարևանությամբ գտնվող 1301.64քմ մակերեսով հողամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագրին:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նխարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:

Կառավարության կողմից համաձայնության դեպքում ընկերությունը պարտավորվում է այդ շենքի բնակիչներին նոր շենքում տրամադրել 2200.0քմ մակերեսով բնակելի տարածք:

Ընկերությունը պարտավորվում է նաեւ օտարվող հողամասի սահմաններում բազմաբնակարան շենքային համալիրի կառուցապատումից հետո Երեւան համայնքին տրամադրել 800 քմ մակերեսով բնակելի տարածք, սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան- 8ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժման աշխատանքները, որից հետո շուրջ 350 քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ եւ նվիրել Երեւան քաղաքին»,-ասաց Պապիկյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սրանով սկսում են վթարային շենքերի խնդիրները լուծելու մեխանիզմը: «Եթե սա աշխատեց, կնշանակի, որ պրոցեսն սկսել ենք եւ վստահություն ու պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի»: Նա խոստովանեց, որ մարզերում մի փոքր դժվար է լինելու այս պրոցեսը, քանի որ այնտեղ գրավչությունն այնքան մեծ չէ ներդրողի տեսանկյունից, որքան Երեւանում, բայց կփորձեն լուծումներ գտնել:

Աղբյուրը՝ ArmDam.am