Այնպիսի օրերում ենք ապրում, երբ իշխանությունը եկեղեցուն վերաբերվում է իր քաղաքական մրցակցի նման, տհաճ է. Դավիթ Խաժակյան

Ակնհայտ է, որ կաթողիկոսի շուրջ տեղի ունեցած այս աղմուկն ուղղակի կապ ունի նրա՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված հայտարարության հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Հասկանալի է, որ Ազգային ժողովի փոխխոսնակի (նկատի ունի Ալեն Սիմոնյանին – հեղ.) արձագանքը հենց այդ տրամաբանության մեջ էր, իսկ մենք գիտենք, որ իշխանական թիմը, երբ տեսնում է իր պատկերացումներից դուրս վարքագիծ, կարող է ամենաոհմակային ձևով հարձակում գործել՝ առանց հաշվի առնելու, թե դա ում նկատմամբ է», – ասաց Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական որևէ միջամտություն եկեղեցու հետ կապված գործընթացներին չպետք է լինի։

«Մարդիկ կարող են իրենց վարքագիծը դրսևորել եկեղեցու նկատմամբ և պետությունն ունի պարտավորություն՝ պահպանելու յուրաքանչյուր եկեղեցականի անվտանգությունն, ինչը, օրինակ, ես հիշում եմ, որ նախկինում չիրականացվեց, երբ կաթողիկոսին թույլ չէին տալիս տեղաշարժվել։ Հիմա, երբ բարձր իշխանական մակարդակով նման հարձակում է տեղի ունենում, հասկանալի է, որ առանձին անհատներ կարող են իրենց ավելի վատ դրսևորումներ թույլ տալ, այսպիսի օրերում ենք մենք ապրում, երբ իշխանությունը եկեղեցուն վերաբերվում է այնպես, կարծես, իրենց քաղաքական մրցակիցներն են ու, եթե քաղաքական մրցակիցների նկատմամբ սանձազերծվում է անթույլատրելի գործիքակազմով պայքար, ապա եկեղեցու նկատմամբ դա անթույլատրելի է իրականացնել», – նշեց Դավիթ Խաժակյանը։

Դիտարկմանը, որ կաթողիկոսին մեղադրում են՝ ինչո՞ւ, օրինակ, Մարտի 1-ին, կամ այլ իրադարձությունների ժամանակ կոչով հանդես չի եկել, իսկ Քոչարյանի համար կոչով է հանդես գալիս, Խաժակյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ այդ հարցը իշխանականները պետք է տային կաթողիկոսին ,որովհետև մենք շատ լավ հիշում ենք, երբ իրենք ստանձնեցին իշխանական պաշտոնները, հանդիպում էին կաթողիկոսի հետ, խոսում էին եկեղեցու դերի կարևորության մասին, ու, եթե իրենք ունեին նման հարցեր, կարող էին այդ հարցերը հղել կաթողիկոսին, բայց նման կերպով անդրադառնալ… ու հետո, ես համացանցում հանդիպեցի տարբեր ծաղրանկարների, վարկաբեկող տեսանյութերի, ինչը շատ տհաճ է, տհաճ է որպես եկեղեցու հետևորդ, որպես քրիստոնյա հետևել, թե այսօրվա իշխանականներն ինչ հարձակումներ են գործում», – ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Աղբյուրը՝   Aysor.am