Ահա, թե ովքեր են Ադրբեջան այցելած հայ լրագրողները. Լուսանկարներ Բաքվից. (ՖՈՏՈ)

armdaily.am-ը գրում է.

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքու մեկնած լրագրողների վերաբերյալ հարցին, թե ովքեր և ինչ ծրագրով են մեկնել Բաքու…

«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ…

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,-ասված է ԱԳՆ պատասխանում…

«Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը լուսանկար է հրապարակել Էդգար Էլբակյանի և Արտյոմ Երկանյանի հետ՝ Բաքվից, իսկ լուսանկարին կից գրել է.

«Երկուշաբթի առավոտյան Mediamax.am կայքում կարդացեք իմ հատուկ ռեպորտաժը դեպի Ադրբեջան հայ լրագրողների ուղեւորության մասին։ Նկարում՝ Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատան ֆոնին։ Մյուս նկարները՝ հաջորդիվ»։

Իսկ Էդգար Էլբակյանը գրել է. «ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆ

• «… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»

Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին լրագրողների փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Մնացյալ 4 օրերին իմ և գործընկերներիս (Davit Ալավերդյան, Artem Երկանյան) անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն…

• Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ․ մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։ Ես ներկայացնում էի արցախյան կողմը՝ որպես Արցախի հանրային հեռուստատեսությունի հեռուստամեկնաբան…

• Այցելության ընթացքում եղանք Բաքու, Ղուբա և Գանձակ (Գյանջա) քաղաքներում, հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․

թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով։ Մոտակա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին…

•Այս լուսանկարում Բաքվի հին քաղաքում եմ (İçəri şəhər)՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի առաջ (12-րդ դար)…

Հ․Գ․ Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում»…

Արտյոմ Երկանյանը ևս լուսանկար է հրապարակել ու կից գրել է. «Իմ ու գործնկերներիս` Դավիթ Ալավերդյանի ու Էդգար Էլբակյանի Բաքու կատարած այցի մասին մեկնաբանությունս դիտեք այսօր ժամը 19.00-ին “Շանթ-նյուզ”-ի ու 22.00-ն “Շանթ” հեռուստաալիքների եթերներում»…