ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող իրեն պահել փողոցում պպզող թմրամոլի պես. Աջապահյան. (Տեսանյութ)

Վեհափառի հայտարարությունը շատերը դրական ընդունեցին, այնպես չէ, որ միայն բացասական երանգ է ստացել։ Այս մասին Armdaily-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Բնական է՝ վեհափառն էլ չէր սպասում, և որեւէ մեկը չէր ակնկալում, որ վեհափառի ասածը հարյուրտոկոսանոց ճշմարտություն պետք է լինի որեւիցե մեկի համար։ Հասարակության մի հատվածը իրավունք ունի չհամաձայնելու այդ կարծիքի հետ՝ ներառյալ պետության եւ իշխանության ներկայացուցիչները։ Բայց որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ իրենց հանգամանքին անհարիր և իրենց ենթադրված գիտելիքին անհարիր արտահայություններ պիտի ունենան Ամենայն հայող կաթողիկոսի հասցեին, սա սպասելի չէր։ Խոսքը ԱԺ փոխնախագահի մասին է, հանրային խորհրդի նախագահի մասին է, նաեւ ինչ-որ տեղ կառավարության մամլո երիտասարդ օրիորդ խոսնակի մասին է, ովքեր մոռացան պահի տակ, թե ում մասին են խոսում, մոռացան, որ իրենց առջև Ամենայն հայոց կաթողիկոսն է, որի առջև իրենք, մեղմ ասած, շատ փոքր կալիբրի մարդիկ են։ Չեն ուզում, չեն համաձայնում, բայց այդ անհամաձայնությունը պետք է արտահայտել պարկեշտության և պատշաճության սահմաններում։

Եւ եթե նրանք պարկեշտության և պատշաճության սահմաններում արտահայտվեին, ոչ հոգեւորականներից, ոչ մյուս ընդվզողներից որեւիցե մեկը իրենց ոչ մի բան չէր ասելու։ Հետեւաբար, ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոն զբաղեցնող անձը չի կարող իրեն պահել փողոցում պպզող թմրամոլի պես, նույնն էլ հանրային խորհրդի նախագահը չի կարող իրեն պահել փողոցային խուլիգանի պես, կամ երիտասարդ աղջնակը չի կարող չանդրադառնալ, որ ինքը խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին եւ այդպես անփույթ կերպով՝ մենք չենք մեկնաբանում վեհափառի հույսերը, ի՞նչ է նշանակում, դա ի՞նչ արհամարհանք է։ Ինչպե՞ս կարող է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը կամ հասարակությունում դիրք ունեցող անձը այսպես արտահայտվել։ Մենք մեր սքեմը հագնելուց հետո այնքան բաներ մեզ թույլ չենք տալիս ասել, որ կարող էինք ասել, որովհետեւ մեր հանգամանքը մեզ պարտավորեցնում է։ Այն ժամանակ ինչ-որ ակվարիումում երեւացող Ալեն Սիմոնյանը պետք է տարբերվի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից կամ ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը պետք է տարբերվի հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից կամ փողոցում զբոսնող աղջնակը պետք է տարբերվի կառավարության մամլո խոսնակից։ Դրանք տարբեր հարթություններ են, այդ մարդիկ չեն հասկացե՞լ, չգիտե՞ն՝ հիմա իրենք ինչ հանգամանք են զբաղեցնում։

Այստեղ է, որ գալիս է հոգեւորականությանը սատարող բազմահազար մարդկանց ընդվզումը, ոչ թե որ վեհափառը հիմա ինչ-որ տեղ սխալ բան է արել և պետության, կառավարության ինչ-որ մարդիկ էլ այդ սխալը բացահայտել են։ Նախ վեհափառը ոչ մի սխալ բան չի  արել, խոսել է իր հանգամանքից, խոսել է այս իրավիճակում կորոնավիրուսի համավարակի պայմաններում բոլոր կալանավորների նկատմամբ մարդկային մոտեցումներից, ի մասնավորի խոսել է նաև Արցախի առաջին նախագահի և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի մասին և այն էլ խափանման միջոցը փոխելու մասին միայն՝ շեշտելով, որ արդարադատության ընթացքը պետք է շարունակվի»,– ասել է Աջապահյանը։

Դիտարկմանը, թե այդ հայտարարությունը քաղաքական է և փորձ է արվում միջամտել պետության գործերին, արքեպիսկոպոսը պատասխանել է. «Վեհափառի խոսքն ուղղված է դատական մարմիններին, դատական մարմինները կարող են խափանման միջոց փոխել, կառավորությունը ի՞նչ գործ ունի այստեղ, Ազգային ժողովը ի՞նչ կապ ունի այստեղ, Հանրային խորհուրդը ի՞նչ գործ ունի այստեղ։ Այսինքն մարդիկ իրենք ճնշում չե՞ն բանեցնում հիմա իրենց այս արտահայտություններով, և բանեցնում է կաթողիկո՞սը։ Այսինքն՝ կառավարությունը իր վրա է վերցնում, որ իրավասու է փոխել խափանման միջոցը և միջամտո՞ւմ է։ Փաստորեն կառավարությունն է միջամտում, Ազգային ժողովն է միջամտում, իսկ Հայրապետի առջև որեւէ սահմանափակում որեւէ մեկը դնել չի կարող։ Դուք խոսում եք Հայոց Հայրապետի մասին, կարող եք անձը հարգել, չհարգել, հավանել, չհավանել։

Հարցին, թե որտեղ էր կաթողիկոսը 2008թ., Աջապահյանը պատասխանել է. «Նախ, որեւիցե փաստ չեք կարող ասել, որ Հայրապետը չի միջնորդել անձնական և անհատական հողի վրա։ Այն, որ ինչ-որ մեկը չի լսել, չի նշանակում, որ Վեհափառը չի աշխատել այդ ուղղությամբ։ Նրա գործունեությունը շատ հաճախ տեսանելի չէ, ամեն քայլն ու խոսքը հրապարակելի չէ։ Որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ Վեհափառ Հայրապետը կարող է անտեսել երկրում ստեղծված կացությունը կամ այն մարդկանց, որոնք կարիքի մեջ են։ Վեհափառը բացարձակապես պետք չուներ 2008 թվականին կամ դրանից առաջ ու դրանից հետո հրապարակելու իր բոլոր փորձերը, որոնք արել է այս կամ այն մարդու խափանման միջոցը փոխելու կամ կալանքի ժամկետը կրճատելու կամ ներման արժանացնելու համար։ Եթե ասում եք, որ գործել է հանցավոր ռեժիմ, ապա այդ պայմաններում ի՞նչ էիք ուզում, որ աներ եկեղեցին։ Մի հատ էլ մեղադրեք, որ կոմունիստական շրջանում չի խոսել եկեղեցին։ Եթե եկեղեցին ազատորեն կարող էր արտահայտվել, ուրեմն հանցավոր ռեժիմ չի եղել։ Հենց միայն որոշ հոգեւորակաների ելույթներ կարող եք բացել և տեսնեք, թե ինչպես է քննադատվել իշխանությունը Քոչարյանի ժամանակ, նրանից առաջ և նրանից հետո։ Ես ինքս բազմաթիվ անգամներ գնացել եմ բանտեր այցելելու, այսպես ասած քաղաքական կալանավորներին և հաճախ ինձ այդ հանցավոր ռեժիմը թույլ չի տվել հանդիպել։ Ես պետք է անպայմանորեն բարձրաձայնեի՞։ Բայց եղել է, որ բարձրաձայնել եմ։ Եթե ես արել եմ, մի քանի անգամ ավել պետք է արած լինի կաթողիկոսը։ Ժամանակին մի երիտասարդ բանտարկվեց Մերձդնեստրյան Հանրապետությունում լրտեսության մեղադրանքով մոտ 15 տարի ժամկետով, և մեկ տարի չանցած այդ տղան բանտից դուրս եկավ։ Մինչև Մերձդնեստրյան Հանրապետություն կաթողիկոսը միջնորդել է, որպեսզի իր չճանաչած անձը՝ պարզապես «յան»-ով վերջացող ազգանունով հայորդին ազատ արձակվի։ Հանցագործություն է սեփական անձի և սեփական ազգի նկատմամբ մտածել, որ ես այնքան վատն եմ անձնապես և այնքան վատն եմ որպես հասարակություն, որ իմ Վեհափառ Հայրապետը ինձանով չի զբաղվում, իր ժողորդի զավակներով չի զբաղվում։

Հետո կուզեն, որ սփյուռքն էլ օժադակի այս Հայաստանի Հանրապետությանը, որը Վեհափառ Հայրապետի նկատմամբ տարրական կուլտուրա չունի շփվելո՞ւ։ Կամ «Հայկական ժամանակի» այդ շանտաժը ի՞նչ է նշանակում, որ թիկունքից խփողը չի ներվելու։ Ո՞վ է թիկունքից խփել, ո՞վ կարող է ենթադրել, որ հայ եկեղեցին, այն էլ կաթողիկոսի բարձր աստիճանը զբաղեցնող անձը կարող է թիկունքից խփել հայոց պետականությանը, միայն սրբապիղծ մարդը։ Կաթողիկոսն ընտրվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին և 9 տարի աշխատել նրա հետ, հիմա պիտի ուրանա՞, ասի՝ չեմ ճանաչե՞լ, անգամ մարդասպաններից իրենց հարազատները չեն հրաժարվում։ Կամ 10 տարի աշխատել է Սերժ Սարգսյանի հետ, ուրանա՞ դա, դրանով ավելի բարոյակա՞ն է դառնու»։

Անդրադառնալով Կաթողիկոսի հայտարարությանը անմիջապես հաջորդած՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքին, Աջապահյանն ասաց.

«Ոչ մի առնչություն չեմ ուզում տեսնել, Աստված մի արասցե, որ առնչություն ունենա։ Սա կնշանակի, որ կատարվում են քայլեր, որով ուզում են հունից հանել եկեղեցականությանը։ Գործից բացարձակապես ոչինչ չգիտեմ, հետաքրքրվելու ցանկություն էլ չունեմ։ Ես ասել եմ, որ հոգևորականները անձեռնմխելի անձինք չեն, բացի կաթողիկոսից, կարող է հանցանք գործել, որի համար հավասար պատիժ պետք է ստանա։ Բայց կա անմեղության կանխավարկած, սպասենք և հույս ունեմ, որ իմ սրբազան եղբայրը անմեղ դուրս կգա»։