Ադրբեջանում իշխանափոխություն է. Ով է գալիս իշխանության

lragir.am-ը գրում է.

Բաքվում հրաժարականի դիմում է ներկայացրել փոխարտգործնախարար Փաշաեւը, որը մոտ երեք տասնամյակ զբաղեցնում է այդ պաշտոնը: Ալիեւին դիմելով, նա խոսում է սերնդափոխության, նոր սերնդին ճանապարհ տալու անհրաժեշտության մասին…

Վերջին ամիսներին եւ շաբաթներին Ադրբեջանում լայն թափ է ստացել դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակաշրջանից պաշտոնավարող առանցքային դեմքերի, ազդեցիկ գործիչների հեռացման գործընթացը…

Օրերս հեռացավ նաեւ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Մեհթիեւը, որը համարվում էր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Բաքվում…

Հատկանշական է այն, որ այդ պաշտոնանկությունների կամ հրաժարականների համատեքստում կարմիր թելով անցնում է «սերնդափոխության», նոր սերնդի ճանապարհ բացելու «գաղափարը»…

Ինչու՞ է Ալիեւը որոշել լայն թափով փոխել Հեյդար Ալիեւից իրեն ուղեկցող պաշտոնյաներին: Ալիեւին առաջնորդում են միստի՞կ ինչ որ զգացումներ, թե՞ շատ պարզ քաղաքական հաշվարկ, կապված մի շարք գործոնների հետ…

Ալիեւը վերջին օրերին բավական կոշտ ու նյարդային էր արձագանքել նաեւ ընդդիմության հանրահավաքի ու երթի փորձերին: Նա գուցե փորձում է իշխանության որոշակի սերնդափոխություն եւ դիմափոխություն իրականացնել ներքին լարվածությունը մեղմելու համար…

Մյուս կողմից, այդ լարվածությունն ավելի է ճնշում, երբ չկան արտաքին քաղաքական հաջողություններ մասնավորապես Բաքվի համար առանցքային՝ արցախյան ուղղությամբ…

Առանցքային, որովհետեւ այդ ուղղությունն Ալիեւը իր իշխանության մոտ երկու տասնամյակի ընթացքում ադրբեջանցիների համար փորձել է վերածել ինքնության հարցի, իր համար դնելով շատ բարձր նշաձող…

Մինչդեռ, թե ապրիլյան քառօրյայում տապալումը, թե Հայաստանի թավշյա հեղափոխությամբ ժամանակից հետ մնալը Ալիեւին էապես հեռացրել են իր իսկ սահմանած նշաձողերից…

Սկսելով այսպես ասած սերնդափոխությունը, նա գործնականում ազդարարում է հեյդարալիեւյան դարաշրջանի ավարտը…

Արդյոք նա այդպիսով փորձում է իր անցած երկու տասնամյակի քաղաքականությունը «դուրս գրել» հոր վրա, այսինքն հայր Ալիեւին դարձնել «քավության նոխազ», ինչը հրապարակավ եւ ուղիղ անելու հնարավորությունից բնականաբար զրկված է…

Թե՞ Ադրբեջանի իշխանությունում ավելի խորը գործընթաց է եւ գործում է ոչ թե որդին, այլ ամուսինը՝ Մեհրիբան Ալիեւայի ամուսինը, որը Հեյդար Ալիեւից մնացած ազդեցիկ դեմքերին հեռացնում է կնոջ ճանապարհից, երբ ամենավերջում կհեռանա նաեւ ինքը…

Բոլոր դեպքերում, Ադրբեջանում լատենտ իշխանափոխություն է աշխարհակարգային փոփոխության թեժ միջավայրում, քանի որ եղած իշխանությունն այդ ընթացքում չի կարողացել ապահովել գլխավոր կամ իր համար կենսական խնդիրը՝ հայերին հաղթելը…

Նոր իշխանությամբ դրվելու է նո՞ր խնդիր, նպատակ, թե՞ ոչ: Հայաստանին համենայն դեպս պետք է մշտապես պատրաստ լինել Ադրբեջանի «հին խնդրին» կամ նպատակին դիմակայելուն եւ հակազդելուն, եթե անգամ այդ հարցը պաշտոնապես հանեն ադրբեջանական պետական օրակարգից…

Միեւնույն է, Բաքվի համար հայերին հաղթելը լինելու է հարատեւ նպատակ, ըստ այդմ Հայաստանին չի մնում այլ բան, քան համազգային օրակարգից երբեք չհանել Բաքվի այդ նպատակն ընդմիշտ արգելափակելու հարցը…