Ադրբեջանը Հայաստանին սպառնում է «չեռնոբիլյան ոճի» աղետով․ Forbes-ը՝ Մեծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու՝ Ադրբեջանի հայտարարության և հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրկին վերաճել է բաց պատերազմի։ Ի հավելումն այդ ամենի՝ Ադրբեջանը սպառնացել է օգտագործել իր հնարավորությունները Հայաստանի միակ ատոմային էլեկտրակայանին հարվածելու համար, գրում է ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը՝ մեջբերելով Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանի խոսքն այն մասին, որ «նման հայտարարությունները հանցագործություն են»։

Հոդվածագիր Դեյվիդ Հեմբլինգն ընդգծում է, որ «թեև Ադրբեջանն ունի մեծ հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռներ, բայց դրանք բավականաչափ ճշգրիտ չեն, որպեսզի խոցեն այնպիսի փոքր օբյեկտներ, ինչպիսին կոնկրետ շենքն է»։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը փոքր անօդաչու թռչող սարքեր ունեն։ Թեև Ադրբեջանը փորձում է ավելի շատ ու ավելի մեծ անօդաչու թռչող սարքեր ներմուծել»,- նշում է պարբերականը՝ վկայակոչելով հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն առ այն, որ երկիրը Թուրքիայից անօդաչու սարքեր է գնում:

Հոդվածագիրը նկատում է, որ խոսքը կարող է վերաբերել Bayraktar TB2 ԱԹՍ-ներնին, որոնք Թուրքիան արտահանել է այլ երկրներ, և որոնք, ինչպես հաղորդվում է, ապացուցել են իրենց արդյունավետությունը Լիբիայում և Սիրիայում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հնարավոր աղետը, որը կարող է տարածվել Կովկասի սահմաններից դուրս, ակնհայտ է դարձել: Վտանգը օդում է և այն չի պատրաստվում հեռանալ»,- ասված է հոդվածում։

Աղբյուրը՝ ArmDay.am